Վրաստանի իշխող կուսակցության ու ընդդիմության միջև ԵՄ միջնորդությունը կվերականգնվի շաբաթվա վերջից: Կրիստիան Դանիելսոնը կվերադառնա Վրաստան: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը` ԵՄ ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումից հետո: Դանիելսոնը Վրաստանը լքել էր մարտի 19-ին՝ բանակցությունների ընթացքը ձախողված համարելով:
Կրիստիան Դանիելսոնի վերադարձի նպատակը կողմերին համաձայնության հասցնելն է՝ այդ թվում երկու ամենավիճելի հարցերի՝ քաղբանտարկյալների ու գալիք ընտրությունների շուրջ:
«Եկել է զիջումների գնալու ժամանակը` ի շահ Վրաստանի քաղաքացիների»,- թվիթերյան իր էջում գրել է Շարլ Միշելն ու նշել, որ Կրիստիան Դանիելսոնը վերադառնում է միջնորդությունը շարունակելու նպատակով:
Նախօրեին Բրյուսելում կայացած քննարկման ընթացքում ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ հերթական անգամ քննարկվել է Վրաստանի հարցը, կարծիքներ են հնչել, որ երկխոսությունն արդյունք չի տալիս:
Հանդիպումից հետո հայտարարություն է տարածել նաև ԵՄ Արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բարելը: Վերջինս հերթական անգամ կոչ է արել կողմերին զիջումների գնալ.
«Ուզում եմ կրկնել՝ Վրաստանում քաղաքական բոլոր կուսակցությունների առաջնորդներն առաջին տեղում պետք է դնեն Վրաստանի ժողովրդի շահերը, որպեսզի ուշադրությունը սևեռեն այլ անհետաձգելի հարցերի լուծման վրա, ինչպիսիք են՝ կորոնավիրուսի պանդեմիան, տնտեսության վերականգնումն ու ազգային անվտանգությունը»,- հայտարարել է Բարելը:
Հիշեցնենք, որ Կրիստիան Դանիելսոնի միջնորդած վերջին բանակցությունները, որ տևեցին ինը ժամ, տապալվեցին ու ավարտվեցին անարդյունք: Ընդդիմությունը խոստացավ վերսկսել ցույցերն, իսկ իշխանությունը հայտարարեց, որ քաղաքական ճգնաժամն արհեստականորեն է ստեղծվել ընդդիմության կողմից: