Եվրամիությունն իր խոր մտահոգությունն է հայտնել, որ Վրաստանի խորհրդարանը որոշել է շրջանցել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքի վրա նախագահի (Սալոմե Զուրաբիշվիլիի- հեղ.) վետոն և անտեսել է Վենետիկի հանձնաժողովի մանրամասն իրավական փաստարկները, որոնք հստակ հանձնարարական էին պարունակում այդ օրենքը չեղյալ համարելու համար։ Այդ մասին նշված է Եվրահանձնաժողովի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի և Եվրահանձնաժողովի համատեղ հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշված է՝ Եվրամիությունը բազմիցս հայտնել է, որ Վրաստանի խորհրդարանի ընդունած օրենքը հակասում է Եվրամիության հիմնական սկզբունքներին և արժեքներին։ Դրա կիրարկումը կհանգեցնի ԵՄ առաջնորդների աջակցած թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ Հանձնաժողովի հանձնարարականում նշված ինը քայլերից առնվազն երեքի հետընթացին և բացասական ազդեցություն կունենա Վրաստանի՝ դեպի ԵՄ ճանապարհի վրա:
«Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին փոխել այս միտումը և հաստատակամորեն վերադառնալ Եվրամիության ուղի։ Դինամիկան փոխելու համար դեռ ժամանակ կա, սակայն իշխող կառավարության կողմից անհրաժեշտ է ամուր հանձնառություն:
ԵՄ-ն և նրա անդամ երկրները դիտարկում են այս իրադարձություններին արձագանքելու բոլոր տարբերակները»,- նշված է հայտարարության մեջ:
Նշված է նաև, որ ԵՄ-ն կշարունակի մնալ Վրաստանի ժողովրդի կողքին և ճանաչում է բացարձակ մեծամասնության ընտրությունը՝ կապված երկրի եվրոպական ապագայի հետ:
Խորհրդարանը հաղթահարեց «գործակալների օրենքի» վրա դրված վետոն