Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Եվրախորհրդի պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած ընդհանուր բանավեճում ասել է, որ Եվրամիությանն անդամակցելը Վրաստանի կառավարության թիրախային կողմնորոշումն է։
Վարչապետը նշել է, որ վերջին տարիներին ժողովրդավարական երկրները բախվել են բազմաթիվ մարտահրավերների, և չնայած այդ մարտահրավերներին, Վրաստանն ուժեղ և դիմացկուն է:
«Մեր կառավարությունը հավատարիմ է հավասարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և երկրում շուկայական տնտեսության զարգացման պարտավորություններին և հիմնական արժեքներին։
Մեր այս բազմաբնույթ և բազմակողմ մոտեցումը ենթադրում է դատական համակարգի, ընտրական համակարգի, ազատ արտահայտվելու իրավունքի, կայունության և կանխատեսելիության ապահովում»,- հավելել է Ղարիբաշվիլին։
Վարչապետը բանավեճի մասնակիցներին ասել է՝ գործող իշխանությունը բարելավել է և՛ դատական, և՛ ընտրական համակարգերը և դրա համար օրենսդրական փոփոխություններ է իրականացրել։
«Մենք անշեղորեն առաջ ենք շարժվում, և մեր ապագա նպատակը Եվրամիությանն անդամակցելն է։ Մենք շարժվում ենք դեպի այս նպատակն ու ուղղությունը և իրականացնում ենք բոլոր տասներկու առաջարկությունները՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար»,- ասել է Ղարիբաշվիլին:
Ուշագրավ է, որ Ռեյկյավիկում Ղարիբաշվիլիի ելույթին նախորդել էր նրա հոմոֆոբ ելույթը երկու շաբաթ առաջ Բուդապեշտում Պահպանողական քաղաքական կոմիտեի համաժողովում։
Ի դեպ, գագաթնաժողովը տեղի է ունենում Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում, և Ղարիբաշվիլին մայիսի 17-ին ելույթ է ունեցել ընդհանուր բանավեճի ժամանակ։