ԵՄ-ից ապաստան հայցող Վրաստանի քաղաքացիների թիվը նվազել է

Եվրոպական վիճակագրական վարչության (Եվրոստատ) փոխանցմամբ՝ ԵՄ երկրներում ապաստան հայցող Վրաստանի քաղաքացիների թիվը գրեթե երկու անգամ նվազել է։ 2023 թվականի տվյալներով՝ 4 ամսում եվրոպական 27 երկրներում ապաստան է խնդրել 8435 վրաստանի քաղաքացի, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը նվազել է մինչև 4115։

2024 թվականի 6 ամիսների ամբողջական վիճակագրությունը հայտնի չէ, սակայն առանձին երկրների տվյալների համաձայն, Վրաստանի քաղաքացիներից ապաստանի խնդրանքների թիվը հետզհետե նվազում է։

Ավելի կոնկրետ՝ 2023 թվականի առաջին կիսամյակում Եվրամիությունում ապաստան է խնդրել Վրաստանի 12 հազար 280 քաղաքացի, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում մինչ այժմ՝ 5380։

ԵՄ ապաստան հայցողների գործակալության՝ 2024 թվականի հունիսի վերջին տվյալների համաձայն, Վրաստանի քաղաքացիներն ամենից հաճախ ապաստան են խնդրել Իտալիայում, Գերմանիայում և Բելգիայում։

Հունիսի տվյալներով Վրաստանի քաղաքացիները ապաստան են խնդրել․

  • Իտալիայում- 220 քաղաքացի,
  • Գերմանիայում- 195 քաղաքացի,
  • Բելգիայում- 70 քաղաքացի,
  • Իռլանդիայում- 45 քաղաքացի,
  • Իսպանիայում- 35 քաղաքացի,
  • Հունաստանում- 20 քաղաքացի,
  • Նիդեռլանդներում- 5 քաղաքացի
  • Շվեդիայում- 5 քաղաքացի։

Նշվում է, որ ամբողջական վիճակագրության հրապարակումից հետո, ամենայն հավանականությամբ, կփոխվի երկրների վարկանիշը։