Եվրամիությունը 30 մլն եվրո կհատկացնի Վրաստանի պաշտպանության ոլորտին աջակցելու նպատակով, նշված է Եվրամիության տարածած հայտարարության մեջ։
Եվրամիության հաղորդմամբ, Վրաստանին հատկացվելիք 30 միլիոն եվրոյի օգնության փաթեթը ներառում է 36 ամիս ժամկետ։
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը նշել է՝ այս նոր օժանդակությամբ մենք շարունակում ենք աջակցել Մոլդովայի զինված ուժերի և Վրաստանի պաշտպանության ուժերի կարողությունների արդիականացմանը։
«Բարդ աշխարհաքաղաքական համատեքստում և եվրոպական նկրտումներին համահունչ՝ մենք օգնում ենք նրանց ամրապնդել իրենց պաշտպանական ոլորտները և զարգացնել իրենց հմտությունները՝ մասնակցելու ԵՄ ռազմական առաքելություններին և գործողություններին: Սա խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում երկու երկրներին հատկացված օգնության երրորդ փաթեթն է, որը հստակորեն ընդգծում է ԵՄ-ի անսասան աջակցությունը տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը», — ասել է Բորելը։
Եվրամիության տվյալներով՝ Վրաստանն օգնություն է խնդրել 2023 թվականի փետրվարի 8-ին։ Նախկինում` 2022 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն հաստատել էր 20 միլիոն եվրոյի օգնության փաթեթը, իսկ 2021 թվականի դեկտեմբերին՝ 12,75 միլիոն եվրոյի փաթեթը։
Նմանատիպ նպատակներով Եվրամիությունը որոշել է 40 մլն եվրո հատկացնել Մոլդովայի զինված ուժերին։