ԵՄ-ի դուռը Վրաստանի առջև բաց է. ֆոն դեր Լեյեն

Մենք ցավում ենք, որ Վրաստանի ղեկավարությունը հեռացավ Եվրամիությունից, նրա արժեքներից, X սոցիալական ցանցում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

Եվրահանձնաժողովի նախագահը նշել է՝ ԵՄ-ն կանգնած է Վրաստանի ժողովրդի և եվրոպական ապագայի համար նրա ընտրության կողքին:

«ԵՄ-ի դուռը բաց է մնում: Վրաստանի վերադարձը ԵՄ ուղի` Վրաստանի ղեկավարության ձեռքում է», —  գրել է ֆոն դեր Լեյենը:

Նոյեմբերի 28-ին պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է անդամակցել Եվրամիությանը։ 

Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվեցին և՛ Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, և՛ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութայիսիում, Գորիում։

Կոբախիձեի հայտարարությանը հաջորդեց «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ ինքնաբուխ ակցիա, որը հետագայում վերածվեց բազմահազարանոց ցույցի և ցրվեց հատուկջոկատայինների ուժերով, իսկ նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան նրանք դաժանորեն հարձակվեցին Ռուսթավելիի պողոտայում մնացած սակավաթիվ ցուցարարների վրա։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամակերպվել «Վրացական երազանք»-ի որոշմանը։