«Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտ» (DRI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) հրապարակել է փաստաթուղթ, որը գնահատում է Վրաստանի կողմից Եվրահանձնաժողովի 12 առաջնահերթությունների իրականացումը, որում վերանայվում է յուրաքանչյուր առաջնահերթության իրականացման աստիճանը։
DRI-ի կարծիքով, թեև իշխող կուսակցությունը խոսում է Եվրահանձնաժողովի առաջադրած պայմանների հաջող կատարման մասին, սակայն, դեռևս անհրաժեշտ են զգալի ջանքեր՝ Եվրահանձնաժողովի 12 առաջնահերթությունները կատարելու համար։
«Բովանդակության վերլուծության և գործընթացի մանրակրկիտ դիտարկման արդյունքում Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտը մի քանի խնդրահարույց խնդիրներ է հայտնաբերել.
- բևեռացման ակտիվացում: Իշխանությունը սրեց հարաբերությունները ոչ միայն ընդդիմության, այլև քաղաքացիական հատվածի գրեթե ողջ սպեկտրի հետ,
- ՀԿ-ների հետ կառուցողական համագործակցության չկամության ակնհայտ դրսևորում,
- օրինագծերի ֆորմալ բնույթ: Եվրոպական միության առաջնահերթությունների իրականացման նպատակով նախաձեռնված օրինագծերի մի մասը չի համապատասխանում Եվրոպական հանձնաժողովի առաջնահերթությունների ոգուն»,- նշված է զեկույցում:
Բացի այդ, ինստիտուտի գնահատմամբ՝ իշխող քաղաքական ուժն առաջին հայացքից ակտիվ է եղել գործընթացի սկզբում, ինչը դրսևորվել է Վրաստանի խորհրդարանում աշխատանքային խմբերի ստեղծմամբ և օրենսդրական փոփոխություններով, սակայն, միաժամանակ, հակաարևմտյան նարատիվները շարունակվել են և ավելի սրվել։
Ըստ ՀԿ-ի՝ Եվրահանձնաժողովի հանձնարարականների կատարման ընթացիկ աշխատանքային գործընթացի համար ամենամեծ սպառնալիքը ստեղծվել է խորհրդարանական մեծամասնության նախաձեռնած օրինագծերով («Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»), որոնք հանգեցրել են զանգվածային բողոքի ցույցեր:
Զեկույցն ընդգրկում է 2022 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2023 թվականի մարտի 10-ն ընկած ժամանակահատվածը, սակայն, կախված խնդրի կարևորությունից և արդիականությունից, հնարավոր է` ներառված լինեն նաև մինչև 2022 թվականի հոկտեմբերի 5-ը տեղի ունեցած իրադարձությունները։