Նոյեմբերի 6-8-ը Վրաստանում են Արևելյան գործընկերության հարցերով Եվրամիության և անդամ երկրների դեսպանները, այդ թվում Իսպանիայի՝ որպես Եվրամիության խորհրդի ներկայիս նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպանների պատվիրակությունը։
Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարարության փոխանցմամբ՝ ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին աշխատանքային ճաշի ձևաչափով կհանդիպի դեսպանների պատվիրակության հետ։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և կառավարության ներկայացուցիչները ևս կհանդիպեն պատվիրակության հետ։
Նշված այցն իրականացվում է Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու կարևորագույն փուլում, քանի որ առջևում է Եվրահանձնաժողովի, այսպես կոչված, «ընդլայնման փաթեթի» հրապարակումը:
ԱԳՆ-ի գնահատմամբ՝ այդ ֆոնին ԵՄ անդամ մինչև 20 երկրների ներկայացուցչական պատվիրակության այցը կարևոր է Վրաստանի համար և նման որոշիչ ժամանակաշրջանում ԵՄ աջակցության ևս մեկ վառ օրինակ է:
«Եվրամիության և Արևելյան գործընկերության հարցերով հատուկ առաջադրանք ունեցող անդամ երկրների դեսպանները հնարավորություն կունենան ծանոթանալու երկրում իրականացվող կամ ընթացող բարեփոխումներին և այս առումով արդեն իսկ էական արդյունքներին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Այցի շրջանակներում դեսպանները կայցելեն օկուպացիոն գիծ և տեղում կծանոթանան անվտանգության իրավիճակին։