2018-ի օգոստոս-նոյեմբեր ամիսներին ԵՄ երկրներից արտաքսվել է Վրաստանի 411 քաղաքացի: Տվյալները հրապարակել է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը:
Մեծ թիվ են կազմում հատկապես Գերմանիայից արտաքսվածները՝ 152 մարդ: Նույն ժամանակահատվածում Իտալիայից վտարել են 74 վրաստանցու: Երրորդ տեղում է Ֆրանսիան, այստեղից Վրաստանի 70 քաղաքացի է արտաքսվել:
Բացի այդ, 2018-ի օգոստոսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստանի 665 քաղաքացու մերժել են Շենգենյան գոտի մուտք գործելու հարցում: Այստեղ առաջին տեղում է Իտալիան (152), Կիպրոսը (89) և Գերմանիան (69):
Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ առանց մուտքի արտոնագրի ռեժիմը գործում է 2017-ի մարտից: Ապրիլի դրությամբ Շենգենյան գոտու տարածք արձանագրվել է Վրաստանի քաղաքացիների 220 հազար այց:
Եվրոպական երկրների մի մասը, այդ թվում Գերմանիան, Իսլանդիան, Շվեդիան վրդովմունք են հայտնել օթևան փնտրող Վրաստանի քաղաքացիների աճի առնչությամբ: Հարկ է նշել նաև, որ հիշյալ երկրներն ավելի ուշ Վրաստանը դասել են «անվտանգ երկրների» շարքին, ինչը հեշտացնում է օթևան տալու մերժման գործընթացը: