Թբիլիսիում կայացած հանդիպումներից հետո Լիտվայի, Էստոնիայի, Իսլանդիայի և Լատվիայի արտաքին գործերի (ԱԳ) նախարարները ամփոփիչ ասուլիս են անցկացրել:
Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահկնան հայտարարել է, որ ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ՝ չեղարկելով ազատ վիզայի ռեժիմը։ «Իմ ուղերձն այն է, որ Վրաստանի կառավարությունը չի կարող անպատասխանատու կերպով ընդունել այն ամենը, ինչը տրվել է․ վիզայի ազատականացումը նվեր չի եղել… իրավիճակը գնալով վատանում է»:
Նրա խոսքով, Վրաստանի կառավարությունը գործում է պայմանավորվածություններից դուրս: Ցահկնան նշել է՝ Վրաստանի կառավարության քայլերը դեպի ԵՄ չեն տանում, «դա ճանապարհ է բոլորովին այլ ուղղությամբ. պատասխանատվությունը Վրաստանի կառավարության վրա է»:
Նրա խոսքով, իրենք ուղերձ են հղելու Եվրամիությանը, որ Վրաստանը ճիշտ ճանապարհով չի ընթանում, ինչը վրաց ժողովրդի նկատմամբ անարդարություն է:
Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը ասել է, որ Վրաստանի խորհրդարանի ընդունած «գործակալների մասին օրենքը» ոչ մի կապ չունի թափանցիկության հետ: Ըստ նրա՝ եթե Վրաստանը ցանկանում է գնալ եվրոպական ճանապարհով, ապա չպետք է շրջվի դեպի Մոսկվա:
Լանդսբերգիսն արձագանքել է օրենքի դեմ բողոքող խաղաղ մասնակիցների վրա իրավապահների կողմից իրականացված հարձակումներին և բռնություններին՝ նշելով, որ ցավալի ու սարսափելի է տեսնել, թե ինչ է անում ոստիկանությունը»:
«Եթե մի կողմն ուզում է ժողովրդավարական Վրաստան, իսկ մյուսը՝ հակառակը, ապա նման պայմաններում փոխզիջում չի լինում։ Դրա համար մենք հայտարարում ենք, որ չի կարելի ցանկանալ Եվրոպա և մեկ ոտքով լինել Մոսկվայում»,- ասել է Լանդսբերգիսը:
Ի դեպ, Վրաստանում են Լիտվայի, Էստոնիայի, Իսլանդիայի և Լատվիայի արտգործնախարարները։ Նրանք հանդիպել են խորհրդարանի նախագահ Շալվաա Պապուաշվիլիի հետ։ Հանդիպմանը քննարկված թեմաներից էր մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանում երրորդ ընթերցմամբ ընդունված «գործակալների մասին օրենքը»։
Իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։ Վրաստանի խորհրդարանը «գործակալների մասին օրենքն» ուղարկել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ստորագրությանը: Հայտնի է, որ Զուրաբիշվիլին մտադիր է վետո դնել այս օրենքի վրա։