Վրաստանի նորընտիր հանրային պաշտպան Լևան Իոսելիանիի խոսքով, Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց ԵՄ դրոշն իջեցնելն ու այրելը վիրավորում է ժողովրդի պատմական ընտրությունը։
Օմբուդսմենն ընդգծել է, որ բոլոր սահմանադրական մարմինները պետք է ձեռնարկեն իրենց լիազորությունների շրջանակում գտնվող բոլոր միջոցները Եվրամիության և Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի լիարժեք ինտեգրումն ապահովելու համար։
«Արևմտամետ կուրսի արտահայտման նպատակով Վրաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի առջև կանգնեցված Եվրամիության դրոշը իջեցնելը, այրելը և նմանատիպ հարձակողական գործողությունները ոչ միայն խոչընդոտ են Վրաստանի համար եվրաինտեգրման ճանապարհին, այլ նաև կարող են զրկել վրաց ժողովրդին պատմական ընտրությունից երկրի արտաքին քաղաքականության առումով, որը հաստատված է սահմանադրական արձանագրությամբ»,- ասել է հանրային պաշտպանը:
Ի դեպ, մարտի 14-ին հոմոֆոբ և ռուսամետ «Պահպանողական շարժում» կուսակցությունը, որը հայտնի է նաև «Ալտ-Ինֆո» անվամբ, Վրաստանի խորհրդարանի դիմաց ցույց էր կազմակերպել: Ռուսամետ քաղաքական կուսակցության առաջնորդներն իջեցրել են ԵՄ դրոշը, ոտքերով կանգնել դրոշի վրա, հետո` այրել։
Իշխանությունն իր նպատակների համար օգտագործում է ռուսամետներին. կարծիքներ