Վրաստանի 2025 թվականի բյուջեի նախագծով միջազգային դոնորների կողմից հատկացվող դրամաշնորհների թիվը կտրուկ կրճատվում է։ 2024 թվականի ծրագրով միջազգային կազմակերպություններից ստացված դրամաշնորհները կազմել են 129,8 մլն լարի, որը 2025 թվականի նախագծով նվազել է մինչև 41,3 մլն։
Օտարերկրյա կառավարություններից ստացված դրամաշնորհները կազմում են մոտավորապես 17 միլիոն և 3 միլիոնով պակաս են նախորդ տարվա պլանից։ Օտարերկրյա իրավաբանական անձանցից ստացված դրամաշնորհները 1,2 միլիոնից դարձել են 2 միլիոն։
Ընդհանուր առմամբ, նախատեսվում է միջազգային դոնորներից ստանալ մոտավորապես 60,3 մլն լարի դրամաշնորհ, մինչդեռ 2024 թվականի պլանը կազմել է 151 մլն լարի (կրճատվել է 60 տոկոսով):
Ուշագրավ է, որ միջազգային կազմակերպություններից Վրաստանի ամենամեծ դոնորը Եվրամիությունն է. ԵՄ-ից դրամաշնորհի չափը 2025 թվականի նախագծով կազմում է 7 միլիոն լարի, մինչդեռ 2024 թվականի պլանը կազմում էր 105 միլիոն լարի։ Ստացվում է՝ բյուջեի նախագծով ԵՄ դրամաշնորհային օգնությունը կրճատվում է 93 տոկոսով:
Դրամաշնորհը նույնն է, ինչ նվերը, որը տրվում է սուբյեկտին որոշակի նպատակների իրականացման համար:
Ընդգծենք. Վրաստանում «ռուսական օրենք»-ի և ժողովրդավարական հետընթացի հետևանքով Եվրամիությունը հայտարարել է, որ քննարկում է Վրաստանի կառավարությանը հատկացվելիք օգնությունը դադարեցնելու հարցը: