Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին Թբիլիսիում կայացած Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը նշել է, որ Վրաստանը երբեք այսքան մոտ չի եղել Եվրամիությանը, որքան հիմա, իսկ Եվրամիությունը երբևէ այսքան բաց չի եղել Վրաստանի համար, որքան հիմա:
«ԵՄ անդամակցությունը պահանջում է ուժեղ քաղաքական կամք և անսասան հանձնառություն անդամակցության չափանիշներին համապատասխանելու հարցում: Դա պահանջում է միասնություն, քրտնաջան աշխատանք և բազմաթիվ փոխզիջումներ: Հեշտ չէ, բայց հնարավոր է։ Ես կոչ եմ անում բոլոր քաղաքական առաջնորդներին կանգ առնել և լսել, թե ինչ է խնդրում Վրաստանի ժողովուրդը: Վրաստանը պետք է օգտվի այս բացառիկ հնարավորությունից», — նշել է դեսպանը։
Նշենք, որ Եվրոպայի օրվա կապակցությամբ անցկացված միջոցառմանը հայտարարություններով են հանդես եկել նաև Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաները։