Վրաստանում Եվրամիության դեսպան Կարլ Հարցելի խոսքով, պատահական չէ, որ Եվրահանձնաժողովը խոսում է ապրիլի 19-ի Շառլ Միշելի համաձայնագրի ոգու մասին։
Ըստ դեսպանի` այժմ կողմերը (խմբ. իշխանությունն ու ընդդիմությունը) պետք է նստեն ու պայմանավորվեն ապագա ծրագրերի շուրջ, իսկ ապրիլի 19-ի համաձայնագիրը մնում է լավ մեկնարկային կետ թե՛ գործընթացի, թե՛ բովանդակության առումով։
«Գնդակը հիմա Վրաստանի դաշտում է: Վրաստանը, նաև Ուկրաինան ու Մոլդովան պետք է որոշակի գործողություններով ցույց տան դեպի Եվրամիություն գնալու իրենց պատրաստակամությունն ու կարողությունը»,- ասել է Հարցելը։
Եվրամիության դեսպանի կարծիքով` շատ կարևոր է, որ Վրաստանում բոլորը հասկանան` իրենց երկրի առջև դուռը բացելու Եվրամիության որոշումն իսկապես պատմական պահ է։
Հարցելը նաև դիմել է ժողովրդին՝ ասելով, որ նրանք չորս տարին մեկ հնարավորություն ունեն քվեարկելու այն կուսակցությունների օգտին, որոնք արդարացնում են ժողովրդի ակնկալիքները և մերժելու իրենց հիասթափեցնողներին:
Նա կտրականապես հերքում է այն հայտարարությունները, ըստ որոնց` Արևմուտքը ցանկանում է Վրաստանին ներքաշված տեսնել ռուս-ուկրաինական պատերազմի մեջ։
«Անկեղծ ասած, մեծ տխրությամբ եմ լսում նրանց, ովքեր փորձում են նման կեղծ հայտարարություններ անել ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի մասին։ Բոլորը տեսել են, թե ինչպես է ԵՄ-ն` գործընկերների հետ միասին, անխոնջ աշխատում Ուկրաինայում Ռուսաստանի չարդարացված պատերազմի առաջին իսկ օրվանից՝ վերջ տալու համար այդ վայրագությանը և խաղաղության հասցնելու Ուկրաինային և նրա ժողովրդին»,- հավելել է Հարցելը։