Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին ասել է, որ աշխատանքներ են տարվում 12 առաջնահերթությունների իրականացման ուղղությամբ։ Ըստ դեսպանի՝ տարեվերջին կգնահատեն Վրաստանի առաջընթացը, և դեկտեմբերին 27 անդամ երկրները կորոշեն հետագա քայլերը:
Նա հույս է հայտնել, որ որոշումը դրական կլինի, և Վրաստանին թեկնածուի կարգավիճակ կտրվի: Նրա խոսքով, որոշումը կկայացվի ըստ Վրաստանի ձեռք բերած առաջընթացի։
«Ուրախ եմ լինել Վրաստանում այս իսկապես պատմական պահին: Վրաստանը որոշել է դիմել Եվրամիությանն անդամակցելու համար, և Եվրամիության անդամ 27 երկրներ որոշել են Վրաստանին եվրոպական հեռանկար տալ»,- ասել է դեսպանը։
Դեսպանը հավելել է՝ ԵՄ պատվիրակությունը Վրաստանում է, որպեսզի առաջնորդի Վրաստանին Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին:
«ԵՄ անդամակցությունը նշանակում է կայունություն, նշանակում է խաղաղություն, նշանակում է բարգավաճում, նշանակում է կենսամակարդակի բարելավում։ Մենք աշխատում ենք այս ուղղությամբ, բայց դա պահանջում է ազգային համաձայնություն, պահանջում է, որ բոլոր ազգային ուժերը միասին աշխատեն փոխզիջման ոգով, ներառականության ոգով, կառուցողականության ոգով»,- եզրափակել է Հերչինսկին: