Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հույս է հայտնել, առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթող կուսակցությունը կշարունակի բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են Վրաստանն իր եվրոպական ճանապարհով առաջ տանելու համար։
Դեսպանի խոսքով, իրավիճակի վատթարացման դեպքում իրենք կարող են օգտագործել տարբեր գործիքներ, որոնցից մեկը «Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի չեղարկումն է»։ Այս մասին լրատվամիջոցներին ասել է Պավել Հերչինսկին՝ այցելելով «Արդար ընտրություններ» հասարակական կազմակերպության գրասենյակ։
«Ես անկեղծորեն հույս ունեմ, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք ընտրությունները կլինեն ազատ, արդար և խաղաղ։ Եվ մենք պատրաստ ենք համագործակցել Վրաստանի ժողովրդի ընտրած ցանկացած կառավարության հետ։ Մենք կհարգենք այս ընտրությունների ցանկացած արդյունք՝ պայմանով, որ այն լինի ազատ և արդար»,- ասել է Պավել Հերչինսկին։
Ինչ վերաբերում է Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկին, դեսպանը նշել է․ «եթե պահպանվի ներկայիս վիճակը՝ քիչ հավանական է, որ Եվրահանձնաժողովը դրական հանձնարարական տա անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ»։