Եկեք պատմության ճիշտ ուղի ընտրենք․ Լոմջարիա

Վրաստանի նախկին օմբուդսմեն Նինո Լոմջարիան արձագանքել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի ժամանակից շուտ քննարկմանը։ Նա գրել է. «Վրացական երազանքը» խաբեց վրաց հանրությանը, թե օրինագիծը կքննարկվի հինգշաբթի, բայց, փաստորեն, հիմա սկսել են քննարկել»։

«Նրանք ստեցին՝ մարդկանց ուշադրությունը դեպի հինգշաբթի օրը շեղելու համար, մինչդեռ մտադիր էին այսօր քննարկել օրինագիծը։ Եկեք պատմության ճիշտ ուղի ընտրենք։

Ո՛չ ռուսական օրենքներին, ո՛չ Ռուսաստանի հետ Վրաստանի ապագային», — ընդգծել է նախկին օմբուդսմենը։

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանը հայտարարված հինգշաբթի օրվա փոխարեն այսօր սկսել է քննարկել «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծերը:

«Օտարերկրյա գործակալների» փաթեթը երկու օրինագիծ է ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»:

Աղմկահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։

Փաթեթը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։

Ընդգծենք՝ փաթեթը քննադատել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ:

Հավելենք նաև, որ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովներն արդեն հավանություն են տվել օրինագծերին: