«8 հողամաս — նվեր եկեղեցուն ընտրություններից առաջ». այս վերտառությամբ հոդված է հրապարակել Radiotavisupleba լրատվամիջոցը:
Հոդվածում հիշատակվում է՝ 2024 թվականի ընտրություններից երեք ամիս առաջ կառավարությունը խոստացել էր պետական կրոն հռչակել վրաց ուղղափառ եկեղեցին, ինչը եկեղեցին մեծ ոգևորությամբ չէր ընդունել։
Եկեղեցու և պետության հարաբերությունները կարգավորվում են 2002 թվականին պետության և եկեղեցու միջև ստորագրված սահմանադրական պայմանագրով: Դրան զուգահեռ գործում է չգրված մի կանոն, ըստ որի՝ եկեղեցին պետությունից ստանում է անշարժ գույք, այլ ապրանք՝ անվճար, կամ խորհրդանշական գնով։
Այս պրակտիկան պահպանվել է նաև 2024 թվականի ընտրություններից առաջ. սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին կառավարությունը եկեղեցուն 7 տարբեր համայնքներում 8 հողատարածք է նվիրել, կամ վաճառել է խորհրդանշական մեկ լարիով։ Հողատարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 228 հազար 070 քմ:
Հոկտեմբերի 17-ին և 18-ին Վրաստանի կառավարությունը երկու հրամանագրեր է արձակել, որոնցով պետությունը Գուրիայի և Աջարիայի ուղղափառ եկեղեցուն երեք հողատարածք է հանձնել։
Հոկտեմբերի 18-ի հրամանագրի համաձայն, Լանչխութի քաղաքի Ժորդանիայի փողոցում գտնվող 1619 քմ մակերեսով ոչ գյուղատնտեսական հողամասը և դրա վրա գտնվող շինությունը 99 տարի ժամկետով անհատույց տրամադրվել է Ինքնավար Ուղղափառ եկեղեցուն։
Հոկտեմբերի 17-ին Վրաստանի կառավարությունը երկու որոշում է կայացրել եկեղեցուն հողատարածք հանձնելու մասին։ Առաջինով 1 լարիով ուղղափառ եկեղեցուն է փոխանցվել Չոխատաուրի Շուասուրեբի գյուղում գտնվող երկու հողատարածք, որոնցից մեկը՝ 3610 ք/մ, մյուսը՝ 160 ք/մ։ Սրանք սահմանամերձ տարածքներ են անտառի եզրին:
Հոկտեմբերի 17-ին հրապարակված երկրորդ հրամանագրով եկեղեցին խորհրդանշական 1 լարիով ստացել է ևս մեկ անշարժ գույք. Խելվաչաուրիի մունիցիպալիտետի Սալիբաուրի գյուղում գտնվող 300 ք/մ հողատարածք։ Այս հողատարածքի վրա հանրակրթական դպրոց է կառուցված:
Անցած ամիս պատրիարքարանը հողատարածքներ է ստացել Գուրջաանիում, Մցխեթայում, Թբիլիսիում և Գորիում։
Սեպտեմբերի 20-ին հրապարակված հրամանագրի համաձայն՝ եկեղեցին խորհրդանշական 1 լարիով ստացել է 318 քառակուսի մետր հողատարածք Գուրջաանիի մունիցիպալիտետում, որի վրա շինություններ կան:
Սեպտեմբերի 13-ին եկեղեցուն 1 լարիով տրվել է Մցխեթայի մունիցիպալիտետի Կեվլիանի գյուղում գտնվող 5670ք/մ մակերեսով ոչ գյուղատնտեսական հողատարածքն ։ Սա գյուղի բնակեցված հատվածից հեռու գտնվող տարածք է՝ անտառային հատվածում:
Սեպտեմբերի 13-ին եկեղեցին Գորիի մունիցիպալիտետի Կղելքցեուլա գյուղում 215 հազար 389 քառակուսի մետր մակերեսով հողատարածք է ստացել անվճար, 99 տարվա օգտագործման իրավունքով։ Այս հողատարածքը գյուղատնտեսական նշանակության է, ունի վարելահող, եկեղեցին իրավունք ունի օգտագործել դրանից ստացված եկամուտը։ Սա օկուպացիոն գծին մոտ հողատարածք է։
Սեպտեմբերի 13-ին հրապարակվել է հրամանագիր, համաձայն որի՝ եկեղեցին 1 լարիով ստացել է երեք շինություն և 1004 քմ հողատարածք Թբիլիսիի Լեո և Նոդար Գաբունիեբի փողոցի N41ա հասցեում։