«Եղիր այն փոփոխությունը, որը ցանկանում ես տեսնել քո շուրջը»․ 18-ամյա Վիկտորիա Առաքելյանը` առաջնորդվելով այս սկզբունքով, բազում փոփոխություններ է արել իր շրջապատում` ստեղծելով այն ամենը, ինչի կարիքն զգացել է ինքը։
Թբիլիսահայ աղջկա կազմակերպած կամավորական հիմունքներով օտար լեզվի դասընթացը տարիներ հետո դարձել է օտար լեզվի ուսուցման դպրոց․ «Աշխատանքս ավելին է ասում իմ անհատականության մասին, ամեն օր փորձում եմ փոքրիկ ներդրում ունենալ իմ հասակակիցների կայացման գործում»։
Վիկտորիա Առաքելյանը 5 լեզվի է տիրապետում՝ հայերեն, վրացերեն, անգլերեն, գերմաներեն և ռուսերեն։ Այս փուլում սովորում է Սևծովյան միջազգային համալսարանում՝ միջազգային հարաբերությունների անգլերենի ֆակուլտետում։ Առաքելյանն անցյալ տարի 2 բուհ է ընդունվել արտասահմանում՝ ԱՄՆ-ում և Լիտվայում, սակայն անբավարար ֆինանսավորման պատճառով չի կարողացել մեկնել ուսանելու։
«Այս փուլում ես երիտասարդ եվրոպացի դեսպան եմ, որն ինձ հնարավորություն է տալիս իմ համայնքում սերմանելու եվրոպական արժեքներ։ Սկսեցի աշխատել մի քանի նախագծերի վրա, որպեսզի էթնիկ փոքրամասնություններին ակտիվորեն ներգրավեմ Վրաստանում հասարակական գործունեության մեջ», — ասում է աղջիկը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում։
Առաքելյանը նշում է՝ ինչպես բոլոր էթնիկ փոքրամասնությունների դեպքում, իմ հաջողության ճանապարհի սկզբում ևս հիմնական մարտահրավերը լեզվի չիմացության խնդիրն էր․
«Քանի որ ես սովորել էի ոչ վրացալեզու դպրոցում, ինձ համար շատ դժվար էր դուրս գալ իմ հարմարավետության գոտուց, բայց մշտական ինքնազարգացման պայմաններում հաղթահարեցի բոլոր արգելքները և հիմա հպարտորեն վրաց լեզուն իմ երկրորդ մայրենի լեզուն եմ համարում»։
Աղջիկը պատմում է, որ կամավորական դասընթացներից հսկայական փորձ կուտակելուց հետո անցյալ տարի՝ 2022 թվականին, պաշտոնապես հիմնել է iCan – Online Language School հասարակական կազմակերպությունը․ «Առաջիկայում նախատեսում ենք էթնիկ փոքրամասնությունների համար վրացերենի ինտեգրման առանձին նախագիծ»։
«Շատ հպարտ եմ իմ դպրոցով և ստեղծած թիմով։ Ամեն օր մենք աշխատում ենք տարբեր առցանց դասընթացների վրա, և միաժամանակ մի քանի դասընթացներ արդեն հաջողությամբ են ընթանում: Նույնիսկ ես երբեմն ներգրավվում եմ ուսումնական գործընթացում և այլ ուսուցիչների հետ երիտասարդներին անգլերեն ու գերմաներեն եմ սովորեցնում», — պատմում է նա։
Առաքելյանի կարիերայի վերընթացն սկսվել է հենց կամավորական աշխատանքից․
«2020 թվականին ընկերոջս հետ իրականացրինք «Գունավորիր քո կյանքը» նախագիծը, որի շրջանակներում կամավոր ծառայեցինք անօթևան երեխաների կացարանում։ Նույն տարվա վերջին Helping hand կազմակերպութունն ու ՅՈՒՆԻՍԵՖ Վրաստանի–ն ինձ ընտրեցին «տարվա լավագույն կամավոր», — ասում է աղջիկն ու շարունակում․ «Այս ամենն ինձ մեծ փորձ տվեց, այդ իսկ պատճառով բոլոր երիտասարդներին խորհուրդ եմ տալիս սկսել կամավորական աշխատանքից։ Կամավորական աշխատանքով ոչ միայն գիտելիքներ ու փորձ ձեռք բերեցի, այլեւ դուրս եկա իմ հարմարավետության գոտուց։ Այսօր ինձ իսկական առաջնորդ եմ համարում»։
Վիկտորիա Առաքելյանն իր հաջողության գրավականի բացատրությունն ունի՝ գլխավորն այն է, որ ձեր գործունեությունը ճիշտ նպատակ ունի՝ ինչո՞ւ եք դա անում, ո՞րն է դրա օգուտը․
«Իմ համայնքն իմ մոտիվացիան է: Ինձ շրջապատող բոլորն իրենց ձևով եզակի են: Ամեն օր շփվում եմ տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ թե՛ բուհի ներսում, թե՛ դրանից դուրս։ Յուրաքանչյուր ոք ունի «ծանր» հաջողության պատմություն: Ո՞վ ասաց, որ հաջողությունը հեշտ է ձեռք բերվում: Ձեզանից կարող է պահանջվել հազար ու մի փորձ, և դուք կարող եք փոքրիկ ձեռքբերումներ ունենալ հազարից միայն մեկի դեպքում: Սա հենց այն է, ինչ ես ամեն օր տեսնում եմ իմ համայնքում, և դրա համար էլ դա իմ մոտիվացիայի աղբյուրն է»։