Երեկ երեկոյան «Ռուսթավի 2» հեռուստաընկերության Պոստսկրիպտում հաղորդման եթերում հրապարակվեց Խորավա փողոցի սպանության գործով անցնող վկաներից մեկի հոր, այժմ անազատության մեջ գտնվող դատախազության նախկին աշխատակից Միրզա Սուբելիանիի սկանդալային ձայնագրությունը: Այն արվել է Գլդանիի №8 քրեակատարողական հիմնարկում:
Սուբելիանին գաղտնի ձայնագրությունում ասում է, որ ներկայիս կառավարության դեմ ծանրակշիռ փաստեր ունի, այդ թվում նաև մարդկանց առևանգման և խոշտանգումների մասին:
Սուբելիանին ասում է, որ իշխանությունների հրահանգով զբաղվել է «սև գործերով», որը կառավարությունը չի գնահատում: Ըստ Սուբելիանիի, նա շատ փաստեր ունի իշխանության մի խումբ ներկայացուցիչների դեմ: «Իմ ունեցած փաստերը կարող են վերջ տալ «Վրացական երազանքը»-ի իշխանությանը»,-նկատում է Սուբելիանին։
Նախկին ավագ դատախազը խոսում հատկապես Թբիլիսիի Խորավա փողոցի սպանության գործը կոծկելու մասին՝ շեշտելով, թե ինչու մինչև հիմա չեն բացահայտվել սպանության մանրամասները: Զրույցը տևում է մոտ մեկ ժամ ու կես, որից պարզ է դառնում նաև, որ Սուբելիանին իշխանությունների հետ համաձայնությամբ և իր կամքով է բանտ նստել:
Ձայնագրության մասնակիցներից մեկը Մեստիայից (Սվանեթիի շրջան, Արևմտյան Վրաստան) ընտրված պատգամավոր Վիկտոր Ջափարիձեն է, ով քրեակատարողական հիմնարկ է գնացել Սուաբելանիի պահանջով։ Վերջինս Ռուսթավի 2-ի հետ զրույցում մեկնաբանելով, ասել է, որ Միրզա Սուբելիանին հիշյալ ձայնագրությունում անդրադարձել է այն փաստերին, որոնք պետք է քննության վերանայման, ինչպես նաև քաղաքական պաշտոններ զբաղեցնողներին պատասխանատվության ենթարկելու առիթ դառնան: Սուբելիանիի և Ջափարիձեի հետ է գտնվել նաև Փախստականների նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ընդհանուր փորձաքննության նախկին աշխատակից, Միրզա Սուբելիանիի աջ ձեռք համարվող Դաթո Ցուխիշվիլին:
Ձայնագրության մեջ Միրզա Սուբելիանին կառավարությանը մեղադրում է մի քանի հանցագործությունների մեջ՝ ասելով, որ ինքը 50 անդամ ունեցող զինված խումբ ունի:
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան Միրզա Սուբելիանիի ձայնագրության վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ ասելով, որ «այս դեպքում Սուբելիանիի իրավունքները խախտվում են»:
Օմբուդսմենի պարզաբանմամբ, ՄԻՊ-ի գրասենյակը համաձայնության դեպքում իրավունքների պաշտպանության հարցում կաջակցի Միրզա Սուբելիանիին:
Ըստ Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի, հետաքննությունը պետք է մանրամասնորեն պարզի, թե արդյոք ձայնագրությունը կեղծ չէ և երբ է այն արվել: Բացի այդ, ըստ Ծուլուկիանիի, կարևոր է, թե ով է ձայնագրությունը դուրս բերել բանտից:
Ձայնագրության վերաբերյալ հայտարարություն է արել նաև «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության նախագահի թեկնածու Դավիթ Բաքրաձեն․
«Այս ձայնագրությունները չեն վերաբերում որևէ գործի, որևէ քաղաքական ուժի, որևէ խմբավորման: Այս ձայնագրությունները վերաբերում են վրաց պետությանը: Եթե հաստատվի դրանց իսկությունը, դա կնշանակի, որ մենք Վրաստանում չունենք պետական կառույցներ և երկիրը ղեկավարվում է մաֆիոզ խմբավորման կողմից: Սա նշանակում է, որ մեր երեխաները ապրում են մի երկրում, որտեղ նրանց ապագան վտանգված է»:
Բաքրաձեն նշել է, որ երկրի քաղաքացիները հրաժարվել են նախկին իշխանություններից («Միացյալ ազգային շարժում»-ից, որի առաջնորդն է եղել նաև ինքը, խմբ․), քանի որ վերջիններս սկսել էին մտնել մարդու անձնական տարածք։ «Սակայն, այսօր մենք ունենք ավելի ծանր իրավիճակ: Իրավիճակ, երբ երկիրը կառավարվում է սեփական շահը, սեփական բիզնեսը զարգացնելու հիմքով», — ասել է Բաքրաձեն:
Տարածված ձայնագրություններին արձագանքել է նաև Խորավա փողոցում սպանված անչափահասներից մեկի հայրը՝ Զազա Սարալիձեն, ով պնդել է, որ Սուբելիանին մինչ այս էլ տեղեկություններ է ունեցել գործի վերաբերյալ: Սարալիձեն պահանջում է Սուբելյանիին ցմահ ազատազրկման դատապարտել:
Իսկ միասնական ընդդիմությունը ձայնագրությունը հրապարկվելուց հետո աշխատանքային արտակարգ ռեժիմի է անցել: Այս թեմայով միասնական ընդդիմության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն հատուկ ճեպազրույց է անցկացրել:
Ըստ նրա, ներկայիս իրավիճակը պետք է ավարտվի հոկտեմբերի 28-ի նախագահական ընտրություններով:
Ձայնագրության իսկությունը դեռևս պաշտոնապես հաստատված չէ, սակայն երեկ գլխավոր դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի 12-ին հետաքննություն է սկսել:
«Եվրոպական Վրաստանը» խորհրդարանի բյուրոյի նիստում առաջ է քաշում Ներքին գործերի նախարարին և գլխավոր դատախազին խորհրդարան հրավիրելու և պարզաբանումներ տալու հարցը: