ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունը սեպտեմբերի 12-ին սկսել է Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մոնիտորինգի առաքելությունը։ Ընտրություններին դիտորդական առաքելությանը հրավիրել է Վրաստանի կառավարությունը։
Դիտորդական առաքելությունը գլխավորում է Օուեն Մերֆին։ Առաքելությունը բաղկացած է 12 միջազգային փորձագետներից և 30 երկարաժամկետ դիտորդներից, որոնք սեպտեմբերի 19-ից կբաշխվեն Վրաստանի ողջ տարածքում։ Բացի այդ, ընտրություններից մի քանի օր առաջ նրանց ԺՀՄԻԳ-ի հրավերով կմիանան ևս 350 կարճաժամկետ դիտորդներ։
Առաքելությունը հանդիպումներ է ծրագրել կառավարության և քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
ԺՀՄԻԳ դիտորդները կվերահսկեն ընտրությունների բոլոր ասպեկտները ընտրությունների օրը և դրանից հետո: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հայտարարության մեջ նշվում է՝ դիտորդները կհետևեն գործընթացի համապատասխանությանը օրենսդրությանը, նախընտրական քարոզարշավի ընթացքին, այդ թվում՝ առցանց տարածքում, ինչպես նաև ընտրական վարչակազմի աշխատանքին և այլն:
Հիշեցնենք. Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով: Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն այն քաղաքական կուսակցություններին, որոնք կհաղթահարեն 5 տոկոսի շեմը։