ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովին մտահոգում են վրաստանյան իրադարձությունները

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահ Լյուսի Պոտիչկովան և հանձնաժողովի զեկուցող Կարինա Օդեբրինկը մտահոգություն են հայտնել Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ և դատապարտել քաղաքացիների նկատմամբ բռնությունները։

«Մենք խորապես մտահոգված ենք ստեղծված իրավիճակով, քանի որ բռնություններ են տեղի ունենում Վրաստանի իրենց իրավունքները պաշտպանող քաղաքացիների նկատմամբ: Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել և դադարեցնել քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների և քաղաքական ընդդիմության նկատմամբ հետապնդումները»,- ասել են նրանք։

Հայտարարության մեջ նրանք նաև համամիտ են ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի արտահայտած մտահոգություններին` հոկտեմբերի խորհրդարանական ընտրությունների, «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման և բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից ուժի չափից դուրս կիրառման փաստերի առնչությամբ։