«Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները չեն քվեարկել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 31-րդ տարեկան նստաշրջանից հետո ընդունված ամփոփիչ հռչակագրի օգտին։ Նիստը տեղի է ունեցել 2024 թվականի հունիսի 29-ից հուլիսի 3-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։
Ամենամյա նստաշրջանի թեման էր` «ԵԱՀԿ դերը ժամանակակից անվտանգության ճարտարապետության մեջ. խորհրդարանական հեռանկար»:
Մի քանի օր տևած բանավեճն ավարտվել է Բուխարեստի հռչակագրի ընդունմամբ, որը ներառում է առաջարկություններ անվտանգության, մարդու իրավունքների, տնտեսության և էկոլոգիայի ոլորտներում։
Վրացական պատվիրակության ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն իր դժգոհությունն է հայտնել «Վրացական երազանքի» կառավարությանն ուղղված հռչակագրի քննադատական կետերի, այդ թվում՝ «գործակալների մասին» օրենքի ընդունման մասին կետի վերաբերյալ։
Վրացական պատվիրակության դժգոհությունն է հարուցել նաև Վրաստան-Ռուսաստան հակամարտության վերաբերյալ հռչակագրում համաձայնեցված կետը, որը ձևակերպված է հետևյալ կերպ՝ անհրաժեշտ է Թբիլիսիի կողմից վերահսկվող Վրաստանի, Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի հաշտեցում։
«Ռուսաստանի կողմից վրացական տարածքների օկուպացման վերաբերյալ պարբերությանն ավելացված տեքստի ձևակերպումը հենց այն է, ինչը Ռուսաստանը փորձում է ներկայացնել վերջին 16 տարիների ընթացքում Ժնևի միջազգային բանակցություններում, ըստ որի` կարծես Ռուսաստանը հակամարտող կողմ չէ։ Մեջբերեմ տեքստը՝ Թբիլիսիի կողմից վերահսկվող Վրաստանի, Աբխազիայի և Օսիայի հաշտեցումն անհրաժեշտ է։ Պարբերությունում նշվում է, որ հակամարտող կողմերը երեքն են. տարօրինակ ձևով կառուցված ձևակերպում է՝ Թբիլիսիի կողմից վերահսկվող Վրաստանը, Աբխազիան և Օսիան։ Մինչ այժմ կարծում էի, որ այս կազմակերպությունը ճանաչում է միայն մեկ Վրաստան՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով, և կարծում էի, որ վերջին չորս տարիներին ես հենց այդպիսի կազմակերպություն եմ ներկայացրել։ Հիմա այս վեհաժողովի կարծիքով` մի կողմից Թբիլիսիից վերահսկվող Վրաստանն է (բացարձակապես անընդունելի ձևակերպում), մյուս կողմից՝ Աբխազիան ու Օսիան։ Այս ամենը, մեղմ ասած, շատ ցավալի է»,- ասել է Նիկոլոզ Սամխարաձեն հուլիսի 2-ի բանավեճում իր ելույթի ժամանակ՝ նշելով, որ ի նշան բողոքի՝ Վրաստանը չի մասնակցի հռչակագրի քվեարկությանը։
Նրա խոսքով, «Վրացական երազանքի» պատգամավորները չեն պաշտպանել հռչակագիրը՝ Վրաստանի կառավարության հասցեին հնչած քննադատության պատճառով։
Հռչակագրի 25-րդ կետում Վեհաժողովը լուրջ մտահոգություն է հայտնել Կրեմլի կողմից աջակցվող և հետևողական ջանքերի առնչությամբ, որոնք խաթարում են Վրաստանի փխրուն ժողովրդավարությունը և արգելակում Վրաստանի բնակչության եվրատլանտյան ընտրությունը՝ Վրաստանի ներկայիս կառավարության հակաժողովրդավարական օրենսդրության կիրառմամբ, իրականացրած քաղաքականությամբ, ներառյալ՝ «թափանցիկության մասին» ռուսական տիպի օրենքի ընդունմամբ: