ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքում 29-րդ նստաշրջանի ամփոփ բանաձևում գրել է Ռուսաստանի կողմից վրացական տարածքների օկուպացիայի հետևանքների մասին։
Բանաձևի համաձայն՝ Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայում և Ցխինվալիի շրջանում մարդու իրավունքների և հումանիտար իրավիճակը վատթարացել է։
Փաստաթղթում նաև նշված է մարդու իրավունքների ոտնահարման, օկուպացված շրջաններում բնակվող վրացիների նկատմամբ ինչ–ինչ ձևերով խտրականության, վրացական մշակութային հուշարձանների դիմագծի խաթարման ու ոչնչացման մասին։
Վեհաժողովն ստեղծված իրավիճակը որակել է ռուսական օկուպացիայի և ռուսականացման քաղաքականության հետևանք։
Վեհաժողովը Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել Վրաստանի տարածքների՝ Աբխազիայի և Ցխինվալիի օկուպացիան ու կառուցողական մասնակցություն ունենալ Ժնևում միջազգային քննարկումներին։
Հիշեցնենք, որ հուլիսի 2-6-ը կայացել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 29-րդ նստաշրջանը։