Հունիսի 30-ից հուլիսի 4-ը Կանադայի Վանկուվեր քաղաքում անցկացվում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանը։ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում վրացական պատվիրակության ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն նախագահել է Վեհաժողովի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերի հանձնաժողովում, որի նիստերը կայացել են հուլիսի 1-3-ը։
Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանձնաժողովը վերանայել է տարեկան զեկույցը և աջակցել «Տարածաշրջանային անվտանգության ամրապնդումը ժողովրդավարական և ներառական հասարակությունների խթանման միջոցով» բանաձևին։
Նիստում Սամխարաձեն ներկայացրել է հանձնաժողովի բանաձևում հետևյալ կետը ներառելու նախաձեռնությունը.
«Վեհաժողովը դատապարտում է Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացված շրջաններում՝ Աբխազիայում և Ցխինվալիում հումանիտար իրավիճակի և մարդու իրավունքների վիճակի վատթարացումը, որը պայմանավորված է տարածքում ապրող մարդկանց հիմնական իրավունքների և ազատությունների ոտնահարմամբ, էթնիկ վրացիների նկատմամբ խտրականության տարբեր ձևերով, վրացական հետքերը մշակութային ժառանգության հուշարձանների վրայից վերացնելով և երկու օկուպացված շրջաններում դրանց տեսքը փոխելով, ինչն իր հերթին ռուսական շարունակվող օկուպացիայի և «ռուսականացման» քաղաքականության անմիջական հետևանքն է»:
Հանձնաժողովի անդամները միաձայն կողմ են արտահայտվել այդ կետի ավելացմանը բանաձևին։