Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 17 երկիր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով «Վրացական երազանք»-ի կողմից ցուցարարների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը։
ԵԱՀԿ Մշտական խորհրդում Նիդեռլանդների ներկայացուցչի ներկայացրած հայտարարության մեջ կարդում ենք. «Մեր հավատարմությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մնում է անսասան, սակայն մենք խստորեն դատապարտում ենք «Վրացական երազանք»-ի դաժան և չարդարացված բռնությունը Վրաստանի քաղաքացիների նկատմամբ, որոնք իրականացնում են խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրենց իրավունքները»։
Հայտարարությունը ստորագրել են հետևյալ երկրները՝ Բելգիա, Կանադա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Նորվեգիա, Լեհաստան, Ռումինիա, Շվեդիա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ, Նիդեռլանդներ։
«Մենք մտահոգված ենք, որ «Վրացական երազանք»-ը շարունակում է կիրառել ռեպրեսիվ մարտավարություն, այդ թվում՝ անարդար կալանքը և ֆիզիկական բռնությունը՝ լռեցնելու համար ընդդիմախոսներին», — նշել են հայտարարությունը ստորագրողները։
Նրանք Վրաստանի կառավարությանը կոչ են անում անհապաղ ազատ արձակել ցույցերի ժամանակ ձերբակալված ցուցարարներին, լրագրողներին և ընդդիմադիրներին։
Միաժամանակ հայտնի է, որ դեկտեմբերի 19-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի և գերատեսչության չորս այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։