Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանն առաջին նիստը կանցկացնի հավանաբար դեկտեմբերի 11-ին: Առկա տեղեկության համաձայն՝ իշխող կուսակցությունը խորհրդարանի առաջին նիստի անցկացման ամսաթիվ է ներկայացրել դեկտեմբերի 11-ը: Վերջնական որոշում, սակայն, չի կայացվել, քանի որ «Վրացական երազանքը» սպասում է ընդդիմության կայացրած որոշմանը:
Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը պետք է տեղի ունենա խորհրդարանական ընտրությունների արդյունքները պաշտոնապես հայտարարելուց ոչ ուշ քան 10-րդ օրը: Առաջին նիստը նշանակվում է նախագահի կողմից:
Միաժամանակ, խորհրդարանն առաջին նիստի ընթացքում իրավունք ունի անցնել աշխատանքի, եթե նիստին մասնակցի ողջ կազմի մեծամասնությունը:
Խորհրդրանը լիարժեք իրավասություն կստանա անդամների 2/3-ի լիազորությունների ստանձման պահից: Այդ պահից կվերացվեն նախորդ խորհրդարանի անդամների լիազորությունները:
Հիշեցնենք՝ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ըստ Վրաստանի ԿԸՀ-ի վերջնական տվյալների՝ ստացել է ընտրողների ձայների ավելի քան 48 տոկոսը, ինչի արդյունքում կկարողանա 3-րդ անգամ երկրի կառավարումը վերցնել իր ձեռքը՝ ձևավորելով խորհրդարանական մեծամասնություն և կառավարություն:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ընտրական շեմը հաղթահարած բոլոր 8 ընդդիմադիր կուսակցությունները կարծում են, որ դրանք կեղծված են և չեն ճանաչում ընտրությունների արդյունքները: Ընդդիմության ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են նաև, որ հրաժարվում են մանդատներից և խորհրդարան չեն մտնելու:
Ընդդիմության հիմնական պահանջը նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումն է: