Դեկտեմբերի 4-ին, առնվազն մեկ ժամվա ընթացքում, ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ներկայացուցիչները ձերբակալել են ընդդիմադիր քաղաքական գործիչների, խուզարկել քաղաքական կուսակցությունների գրասենյակները և ակտիվիստական խմբերի ներկայացուցիչների բնակարանները։
Հոդվածում ներկայացնում ենք դեկտեմբերի 4-ի իրադարձությունների զարգացումը՝ ըստ ժամանակագրության:
14:00 — Ձերբակալվել է 19-ամյա ուսանող Իրակլի Միմինոշվիլին
Իրակլի Միմինոշվիլին եվրոպամետ ակցիաների ակտիվ մասնակից է։ Ձերբակալվելուց առաջ նրա տունը խուզարկվել է մոտ մեկ ժամ։ Փաստաբանը չի ներկայացել գործընթացին: Իրավապահները Միմինոշվիլիի տնից տարել են համակարգիչ, հեռախոս և մանր տեխնիկա։ Նրան մեղադրանք է առաջադրվել խմբակային բռնություն կազմակերպելու, ուղղորդելու կամ մասնակցելու և խուլիգանության համար։ Սա քրեական օրենսգրքի 225-րդ և 239-րդ հոդվածների խախտում է։
14:55 — Խուզարկվել է ֆեյսբուքյան «Հյուրընկալիր» («Դաիտովե») խմբի ադմինիստրատոր Իլիա Ղլոնտիի բնակարանը
ՆԳՆ աշխատակիցները դրոշմել են ու խլել նրա անձնական հեռախոսն ու նոութբուքը։ ՆԳՆ աշխատակիցները Ղլոնտիի փաստաբանին պարզաբանել են, որ գործով հետախուզում է իրականացվել, որը քննվել է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով. 225-րդ հոդվածով՝ կազմակերպում, ղեկավարում կամ խմբակային բռնության մասնակցություն և 239-րդ հոդվածով՝ բռնի գործողությունների հանրային դրդում:
15:40 — Խուզարկություն «Ախլի», «Դրոա», «Գիրչի — առավել ազատություն» և «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում
ՆԳՆ ներկայացուցիչները, նախ, մտել են «Ախալի» կուսակցության գրասենյակ, իսկ հետո՝ «Դրոա», «Գիրչի — առավել ազատություն» և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության երիտասարդական գրասենյակներ։
ՆԳՆ-ից հայտնել են, որ որպես ապացույց հանվել են սաղավարտներ, օդամղիչ հրացաններ, մեծ քանակությամբ պիրոտեխնիկա, էլեկտրատեխնիկա, համակարգչային տեխնիկա, «մոլոտովի կոկտեյլներ», ներկեր, տարբեր լուծույթներ, որոնց համար նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։
ՆԳՆ-ից հայտնել են նաև, որ հետաքննությունը տարվում է Քրեական օրենքի 225-րդ և 239-րդ հոդվածներով, որոնք ենթադրում են խմբակային բռնություն կազմակերպելը, ղեկավարելը կամ մասնակցելը և բռնի գործողությունների հրապարակային կոչ անելը։
16:40 — Բերման են ենթարկվել «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի անդամներ
Բերման են ենթարկվել Վեփխիա Կասրաձեն և Վասիլ Կաձելաշվիլին։ Նրանք կասկածվում են բռնություն պլանավորելու մեջ: Երկուսն էլ «Լելո» կուսակցության անդամներ են։
16:45 — Բերման են ենթարկվել «Ախալի» կուսակցության առաջնորդներից Նիկա Գվարամիան և «Գիրչի — առավել ազատություն» կուսակցության անդամ Գելա Խասաիան
«Դրոա»-ի և «Գիրչի — առավել ազատություն»-ի գրասենյակներում Նիկա Գվարամիայի բերման ենթարկելուն նախորդել էր ոստիկանների հետ վիճաբանությունը։ Գվարամիային ոստիկանությունը ձերբակալել է ուժի կիրառմամբ։
Փաստաբան Դիտո Սաձագլիշվիլին իր պաշտպանյալին այցելելուց հետո ասել է՝ Գվարամիային բերման ենթարկելիս ոստիկանները բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա որովայնին, ինչի հետևանքով Գվարամիան մի քանի վայրկյան շնչառության բացակայության պատճառով ուշագնաց է եղել։ Նա տեղափոխվել է Մառնեուլիի ժամանակավոր մեկուսարան:
Գվարամիայից հետո նույն գրասենյակի մոտ ձերբակալվել է «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի անդամ, ակտիվիստ Գելա Խասաիան։
17:10 — Խուզարկություն Իլյաունիի ասիստենտ Սաբա Ջաջանիձեի բնակարանում
ՆԳՆ աշխատակիցները ժամը 17:00-ի սահմաններում խուզարկություն են կատարել Իլիայի պետական համալսարանի ասիստենտ Սաբա Ջաջանիձեի բնակարանում։ Որոշ ժամանակ թույլ չէին տվել նրան փաստաբան ունենալ։
17:20 — ՆԳՆ-ն խուզարկություն է իրականացրել ֆեյսբուքյան «Հյուրընկալիր» («Դաիտովե») խմբի հիմնադիր Նենսի Վոլանդի տանը
Իրավապահները Նենսի Վոլանդին տարել են իր տուն՝ խուզարկության: Նա եղել է նույն խմբի ադմինիստրատոր Իլիա Ղլոնտիի տան մոտ: Խուզարկության պատճառը հայտնի չէ։ Տեղեկություններ են ստացվել, որ նրա տնից վերցրել են հեռախոս, օդամղիչ ատրճանակ և պղպեղի սփրեյ։
18:25 — Քեթի Դումբաձեի փոխարեն գրողների հետ հանդիպել է որդին՝ Նոդար Մաչարաշվիլին և հայհոյել ու հարվածել Տորեսա Մոսիին.
Գրողների տուն այցելած գրողներին ռեժիսոր Քեթի Դումբաձեի փոխարեն դիմավորել է նրա որդին՝ Նոդար Մաճարաշվիլին։ Գրողները Դումբաձեից կրկին պահանջել են աջակցություն հայտնել բողոքի ակցիայի մասնակից գրողներին։ Ի պատասխան Մաճարաշվիլին գրող Նեստան Նենե Կվինիկաձեին ագրեսիվ պատասխաններ է տվել՝ հիշեցնելով հանցավոր անցյալը: Ավելի ուշ Մաճարաշվիլին վիճել է գրող Տորեսա Մոսիի հետ, հարվածել և հայհոյել վերջինիս:
18:30 — Ոստիկանները մտել են «Նաբիջի» կազմակերպության գրասենյակ
Դեպքի մասին տեղեկությունը տարածել է Դավիթ Սեխնիաշվիլին:
18:58 — Խուզարկություն է կատարվել «Դափիոնի» երիտասարդական շարժման հիմնադիր Զվիադ Ցեցխլաձեի տանը
Ըստ «Դափիոնի»-ի, բնակարանը մի քանի ժամ խուզարկվել է։ Փաստաբանին ներս են թողել միայն կալանքի որոշում կայացնելուց հետո։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները Ցեցխլաձեի բնակարանից տարել են տարբեր տեսակի նյութեր:
Ոստիկանությունը նրան մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով` խմբակային բռնություն կազմակերպելը, ղեկավարելը կամ մասնակցելը։
20:30 — ՆԳՆ-ն Ռուսթավելիում խուզարկել է քաղաքացիներին
ՆԳՆ աշխատակիցները խուզարկում էին այն քաղաքացիներին, որոնք, ըստ ոստիկանության, պատրաստվում են բողոքի ցույց անցկացնել Ռուսթավելիի պողոտայում՝ մետրոյի «Ազատության հրապարակ» և «Ռուսթավելի» կայարանների մոտ։ Ոստիկանությունից պարզաբանել են, որ դա ոչ թե խուզարկություն է, այլ «մակերեսային խուզարկություն»։
Ոստիկանության ծառայողները մետրոյի «Ազատության հրապարակ» կայարանի հարակից տարածքում խուզարկության ժամանակ բերման են ենթարկել երկու քաղաքացու։
21:30 — «Մոլոտովի կոկտեյլ» նետելու համար ձերբակալված երկու անձինք դատապարտվել են ազատազրկման
Մեղադրյալներ Լոմիձեն եւ Զասոկաշվիլին ձերբակալվել են դեկտեմբերի 2-ին Ճիճինաձեի փողոցում՝ վարչական կարգով։ Նրանց քննչական մեկուսարանից դուրս գալուց անմիջապես հետո բերման են ենթարկել բակում՝ հերթապահության ժամանակ ոստիկանի կամ նրա մեքենայի վրա հարձակում գործելու մեղադրանքով։ Երկուսին էլ սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։
Երկու մեղադրյալներն էլ ծեծի են ենթարկվել, նրանց աչքերը կապտած են եղել: Ոստիկանները բռնության են ենթարկել նրանց բերման ենթարկելիս և դրանից հետո։
22:30 — Բերման են ենթարկվել Ալեկո Էլիսաշվիլին և Զուրաբ Դաթունաշվիլին
Ազատության հրապարակի մոտ ձերբակալվել է «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի անդամ, ըմբիշ, աշխարհի չեմպիոն Զուրաբ Դաթունաշվիլին։
Բերման է ենթարվել նաև «Քաղաքացիներ» կուսակցության նախագահ Ալեկո Էլիսաշվիլին։ Նրան մեղադրում են բռնության համար, և եթե մեղավոր ճանաչվի, վերջինիս սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում:
Աղբյուրը՝ radiotavisupleba.ge: