Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքով՝ Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված խուճապի պատճառ չկա:
Ինչպես հայտարարել է վարչապետ Գախարիան կառավարության այսօրվա նիստում, իրավիճակը վերահսկվում է համապատասխան գերատեսչությունների կողմից:
«Ինչպես գիտեք, նախօրեին երկրում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Նախ և առաջ ուզում եմ շեշտել, որ խուճապի պատճառ չունենք: Առողջապահության նախարարությունը, համապատասխան գերատեսչությունները և միջգերատեսչական համակարգող խորհուրդը լիարժեք վերահսկում են իրավիճակը», — ասել է Գախարիան:
Վարչապետը կոչ է արել հետևել Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկություններին:
«Մեր գերատեսչությունների արդյունավետ աշխատանքի արդյունքում է, որ վարակի առաջին փաստը հայտնաբերվել է հենց սահմանին, ուստի վարակվածը շփում չի ունեցել մեր քաղաքացիների հետ: Առաջին անգամ էր, որ սահմանին նման դեպք արձանագրվեց, որի համար մենք պետք է շնորհակալություն հայտնենք առողջապահական համակարգի յուրաքանչյուր աշխատողի, ինչպես նաև սահմանապահներին ու մաքսային ծառայություններ իրականացնողներին»,- ասել է Գիորգի Գախարիան: