Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գլխավոր տնօրենի տեղակալ Ժանգ Նիանշանի հետ, հայտնում է ֆինանսների նախարարության ֆեյսբուքյան էջը:
Տեղեկության համաձայն, հանդիպմանը ներկա են եղել ֆինանսների փոխնախարար Էկատերինե Գունցաձեն և Վրաստանում ԱԶԲ-ի տարածաշրջանային տնօրեն Շեյն Ռոզենտալը։
«Զրույցի ընթացքում անդրադարձել են Վրաստանի պետական և մասնավոր հատվածում ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի առաջընթացին, որոնց արժեքը այսօրվա դրությամբ կազմում է մոտ 4 մլրդ դոլար։
Ֆինանսների նախարարը հյուրերին ներկայացրել է համաճարակային ճգնաժամից հետո տնտեսական աճի արագացման ուղղությամբ կառավարության ձեռնարկած միջոցառումները, ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ԱԶԲ-ին COVID-19 համաճարակի ժամանակ ցուցաբերած աջակցության համար»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Նախարարության փոխանցմամբ, հանդիպմանն ուշադրություն է դարձվել 2022-2023 թվականների մակրոտնտեսական պարամետրերին, երկրում նախատեսվող բարեփոխումներին և Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով տարածաշրջանում առկա մարտահրավերներին ու ռիսկերին։
Ֆինանսների նախարարը նշել է, որ Վրաստանը բարձր է գնահատում ԱԶԲ-ի ջանքերը՝ ուղղված երկրի առաջնահերթ ոլորտների ամրապնդմանը.
Հանդիպման ավարտին երկուստեք պատրաստակամություն են հայտնել էլ ավելի խորացնելու առկա արդյունավետ համագործակցությունը։