Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի շրջանում՝ վրաց-հայկական սահմանին գտնվող հայերով և ադրբեջանցիներով բնակեցված Խոժոռնի, հայաբնակ Գյուլիբաղ և հայերով ու ադրբեջանցիներով բնակեցված Ծոփ գյուղերում աղբամանների քանակը կավելանա, «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է Մառնեուլիի սակրեբուլոյի պատգամավոր Արսեն Հախվերդյանը:
Սակրեբուլոյի պատգամավորը մանրամասնում է՝ այս պահին 10 հատ նոր 1000 լիտր տարողությամբ պլաստմասե աղբաման արդեն իր ձեռքի տակ է և մոտ օրերս կբախշվի վերոնշյալ գյուղերին՝ ըստ բնակչության թվի: Հախվերդյանը վստահեցնում է՝ թվարկվածից բացի, ևս 10 աղբաման առաջիկայում կբաշխվի այդ երեք գյուղերին՝ նույն սկզբունքով:
«Աղբամանները գնել է Մառնեուլիի քաղաքապետարանը, 10 հատ նվիրել է այս երեք գյուղերին, ևս 10-ը մոտ ժամանակներս կստանանք»,- ասում է սակրեբուլոյի պատգամավորը:
Խոժոռնիի, Գյուլիբաղի և Ծոփի բնակիչներն աղբամանների ավելացումը դրական են գնահատում, բայց միաժամանակ դժգոհում են աղբահանությունից:
Ծոփ գյուղի բնակիչ Էդգար Պետրոսյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ աղբահանության ուշացումների հետևանքով հաճախ աղբ է կուտակվում նաև աղբամանների կողքին:
«Ամռանն այդ ուշացումների պատճառով գարշահոտ է տարածվում: Մինչև չեն զանգում, որ գան տանեն աղբը՝ աղբանահանություն չի իրականացվում»,- ասում է Պետրոսյանը:
Ըստ սակրեբուլոյի պատգամավորի՝ ձմռանն աղբահանություն կատարվում է հիմնականում 10 օրը մեկ կամ երբ ինքը տեսնում է, որ աղբը կուտակվել է՝ զանգում է, որ գան տանեն, իսկ ամռանն ավելի հաճախ է կատարվում: Նա, սակայն, բնակչությանը խնդրում և հորդորում է՝ պլաստմասե աղբամանների մեջ չնետել այրվող որևէ նյութ կամ իր:
«Եղել են դեպքեր, երբ բնակչության անզգուշության կամ անփութության պատճառով վնասվել է աղբամանը: Խնդրում և հորդորում եմ ուշադիր լինել, ի վերջո` մեծ գումար արժե»,- դժգոհում է Հախվերդյանը: