«Չկա երազանք, կա նպատակ». հենց այս կարգախոսով Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի շրջանի վրաց-հայկական սահմանին գտնվող հայերով ու ադրբեջանցիներով բնակեցված Խոժոռնի գյուղից 19-ամյա Աիդա Վերմիշյանը հասավ Թբիլիսի՝ իր առջև դրված նպատակներով երազանքներն իրագործելու ձգտումով:
19-ամյա Աիդան ասում է՝ հենց այս կարգախոսով է առաջ շարժվում։ Նրա խոսքով, շատ քիչ ժամանակ կա երազելու համար, միայն պետք է ուժ հավաքել և իրագործել նպատակները։ Աղջնակի հոբբին գրքեր կարդալը, պատմվածքներ գրելը կամ դասական երաժշտություն լսելն է, սակայն, իր տարեկիցների նման, նաև սիրում է գնումներ կատարել:
«Սիրած զբաղմունքս գիրք կարդալն է, որովհետև կարդալու ընթացքում կտրվում եմ աշխարհից և ինձ համար ստեղծում նոր աշխարհ, որն ավելի գունավոր ու հետաքրքիր է», — ասում է Աիդան:
Ավարտելով Խոժոռնիի միջնակարգ դպրոցը` Աիդան որոշում է ուսումը շարունակել Վրաստանում, այժմ սովորում է Թբիլիսիի Իլիայի անվան պետական համալսարանի նախապատրաստական կուրսում:
«Սովորում եմ վրացերենը որպես երկրորդ լեզու և ինտեգրման ծրագրի շրջանակներում: Արդեն երկար ժամանակ է, ինչ ընտրել եմ մասնագիտությունս։ Դեռ դպրոցական տարիներից ընտրել եմ ուսուցչի մասնագիտությունը, որը, իմ կարծիքով՝ բավականին պատասխանատու մասնագիտություն է: Դրա հետ միասին որոշել եմ նաև ավարտել անգլիստիկայի ծրագիրը և շատ լավ սովորել անգլերեն»,- ասում է ապագա մանկավարժն ու հավելում՝ անգլերենը կատարելագործելու ցանկությունն առաջացել է այն ժամանակ, երբ LINKS («Գիտելիքների և հմտությունների զարգացման ցանցերի և հարթակների հզորացում») ծրագրի շրջանակներում առցանց անգլերեն էր սովորում:
Աիդան մեծ ոգևորությամբ ասում է՝ ուսուցիչ դառնալու որոշման և ոգեշնչման աղբյուրը դպրոցի վրաց լեզվի ուսուցչուհին՝ Լալի Մարգիանին է: Աղջնակը մանրամասնում է՝ Մարգիանիի հետ շփվելու արդյունքում սկսել է ավելի խոր գիտակցել ուսուցչի կարևորությունը բոլորի կյանքում։
«Մանկուց սիրել եմ Վրաստանը և հետաքրքրված եմ եղել վրաց լեզվով։ Որոշեցի կրթություն ստանալ Վրաստանում, մոտ լինել հայրական տանս, իսկ կրթվելուց հետո հնարավորության սահմաններում օգնել դպրոցիս, ուժս ու եռանդս ներդնել դպրոցիս բարեկարգման մեջ»:
Անկեղծանում է՝ շատ հաճախ է մտածում երկիրը լքելու մասին, բայց մտքերը նորից պտտվում և գալիս են այնտեղ, որտեղ տունն է։ Ըստ նրա՝ իրեն պատկերացնում է ուսուցչի կարգավիճակում, բայց ոչ հասարակ ուսուցչի, որ միայն առարկա է դասավանդում:
«Կլինեմ այնպիսի ուսուցիչ, որն աշակերտին կօգնի կյանքում ճիշտ որոշում կայացնել, կլսի աշակերտին և կդառնա նրա ընկերը։ Ավելի կարճ` կդառնամ այն լավ ուսուցիչներից, որոնց միայն ֆիլմերում ենք տեսել:
Իմ մասնագիտությունն ինձ հնարավորություն կտա իրագործելու վաղեմի երազանքս, այն է՝ օգնել երեխաներին, հասկանալ նրանց անմեղ խնդիրները»,- ասում է Աիդան:
Խոսելով հանդիպած բարդությունների մասին, Աիդան ասում է՝ երբ մարդ շարժվում է հաջողության կողմը, նրան միշտ հանդիպում են խոչընդոտներ։ Աիդայի խոսքով, երբեք հեշտ չի տրվում հաջողության բանալին, դրա համար երբեմն ուղղակի վերհիշում է անցած ճանապարհը, հանդիպած դժվարությունները, և այն, թե ինչպես է հասել այնտեղ, ինչի մասին երկար ժամանակ երազում էր:
«Պետք է նշեմ, որ երբ օգնության կարիք ունես, բացի քո ընտանիքից` ուրիշ ոչ ոք չկա կողքիդ։ Դու պետք է միայն քեզ վրա դնես հույսդ։ Թեկուզ դժվարությամբ, բայց հաղթահարեցի կյանքիս այդ փուլը, դարձա ուսանող։ Ազգային քննություններին պատրաստվել եմ միայնակ, առանց ուսուցչի կամ դասախոսի օգնության։ Համակարգիչ, գիրք, տետր, գրիչ` սրանցից էր բաղկացած իմ ողջ օրն ամռան թեժ շրջանում։ Համալսարանական կյանքում չեմ հանդիպել, որևէ խնդրի։ Թերևս, միակ խնդիրը եղել է հուզմունքը` քննություների պատասխաններին սպասելիս, ինչը ցանկացած ուսանողի բնորոշ է»,- պատմում է Աիդան և հավելում՝ շատ արագ և հեշտ է ինտեգրվել համալսարանական կյանքին, և դա ինքը կապում է վրացերենի իմացության հետ։
Աիդան դպրոցական տարիներից եղել է ակտիվ աշակերտ։ Վրաց լեզվի ուսուցչուհու՝ Լալի Մարգիանիի հետ իրագործել են տարբեր նախագծեր, մասնակցել է կրթության և գիտության նախարարության հայտարարած մրցույթին, տասնյակի մեջ է եղել, ձեռք է բերել տպիչ, որի միջոցով պատրաստել են օրացույցներ, տարբեր գունավոր իրեր են պատրաստել և վաճառել գյուղի բնակչությանը:
Օրերս «Բաց հասարակության հիմնադրամի» նախաձեռնությամբ Մառնեուլիի և Գարդաբանիի գյուղերում ապրող երիտասարդներին՝ որպես LINKS ծրագրի հաջողակ մասնակիցներ, համակարգիչներ տրվեցին, ստացողների շարքում էր նաև Աիդան:
«1 շաբաթ առաջ զանգահարեցին և կանչեցին Մառնեուլիի «Դեմոկրատական կենտրոն»` հաղթողների մրցանակաբաշխությանը մասնակցելու։ Շատ էմոցիոնալ պահ էր ինձ համար, որովհետև զանգից 5 րոպե առաջ էի դուրս եկել քննությունից և, լսելով համակարգչի մասին, շատ հուզվեցի։ Դա ուսանողի համար շատ մեծ նվեր է, անչափ շնորհակալ եմ նախագծի կազմակերպիչներին»,- եզրափակում է 19-ամյա աղջնակը: