Խոժոռնիի գյուղապետարանի շենքը կվերանորոգվի

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի հայերով և ադրբեջանցիներով բնակեցված Խոժոռնի գյուղի վարչական շենքը (գյուղապետարան) կվերանորոգվի:

Վերանորոգման համար Մառնեուլիի քաղաքապետարանը պետական գնումների գործակալության կայքում հունվարի 26-ին մրցույթ է հայտարարել: Քաղաքապետարանը միաժամանակ մրցույթ է հայտարարել նաև Ծերեթելի գյուղի վարչական շենքի վերանորոգման համար: Երկու շենքեր վերանորոգման աշխատանքների համար քաղաքային իշխանությունն ընդհանուր առմամբ 514 հազար 915 լարիի մրցույթ է հայտարարել:

Ըստ նախագծի՝ վարչական շենքերի երկու հարկերն էլ կվերանորոգվեն: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վարչական շենքերի ճակատամասի վերականգնում, սվաղում և ներկում, առկա վնասված բազրիքի ապամոնտաժում և նորերի տեղադրում, պատշգամբի և սրահի ապամոնտաժում, առաջին հարկի աստիճանների և կերամիկական գրանիտե սալերի շարում, սրահի պատերի սվաղում, ներկում և այլն:

Խոժոռնի գյուղի վարչական շենքում կվերանորոգվի նաև տանիքը և երեսպատումը։ Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները հնարավորություն կունենան իրենց առաջարկները ներկայացնել փետրվարի 14-ից 19-ը։