Մառնեուլիի շրջանի Խոխմել գյուղում ասֆալտապատվել են ներքին ճանապարհները: Այս մասին «Ալիք Մեդիային» փոխանցում է Մառնեուլիի սակրեբուլոյի պատգամավոր Արսեն Հախվերդյանը:
Պատգամավորի խոսքով՝ ասֆալտապատվել է 1 կմ երկարությամբ ճանապարհահատված, որի արժեքը կազմում է 400 հազար լարի (մոտ 133 հազար 333 դոլար):
«Ծրագրով նախատեսված էր 928 մետր ճանապարհահատվածի ասֆալտապատում, սակայն դարձրել ենք 1000 մետր», — ասում է Հախվերդյանը:
Ինչպես Հախվերդյանն է նշում, Խոխմել գյուղն իր ողջ պատմության մեջ առաջին անգամ է, որ ունի ներքին ասֆալտապատ ճանապարհ, նույնը շեշտում է նաև Խոխմել գյուղի բնակիչ Վաղինակ Մամուլյանը:
«Ալիք Մեդիայի» հետ զրույցում Մամուլյանը նշում է՝ ճանապարհների ասֆալտապատումը կնպաստի նրան, որ գյուղից գնացածները գոնե որպես տուրիստ կայցելեն հայրենի գյուղ.
«Ասֆալտապատումը կկրճատի նաև գյուղացիների ֆինանսական ծախսերը, շտապօգնության ծառայությունն ավելի մատչելի կլինի, կսկսվի առևտուրը, քանի որ վատ ճանապարհների պատճառվ ոչ մի առևտրական գյուղ չէր գալիս»:
Մամուլյանը նշում է, որ ճանապարհների բարեկարգմամբ նաև գյուղը կկապվի քաղաքին, հնարավոր կլինի գնալ աշխատել քաղաքում և հետ վերադառնալ:
«Վստահ եմ, որ շուտով կլուծվի նաև մշտական տրանսպորտի խնդիրը: Ավտոբուս հիմա էլ կա, բայց հավելյալ ևս կտրամադրվի առաջիկայում»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Մամուլյանը:
Նշենք, որ «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում Խոխմել գյուղում կվերանորոգվեն աղբյուրները (խմելու ջրի), որի համար գյուղին հատկացվել է 10 հազար լարի (մոտ 3 333 դոլար)։