Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր փաստաբան Դիմիտրի Սաձագլիշվիլիի միջոցով նոր ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից` խոսելով այն մասին, թե ինչ կլինի, երբ իրեն ազատ արձակեն։
Սաակաշվիլին վստահեցրել է, որ բանտից դուրս գալուց առավելագույնը 10 օր հետո կհասնեն երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելուն։
«Այս ընտրություններում վրաց ժողովուրդը հաղթել է գրեթե բոլոր քաղաքներում։ Վրաց ժողովուրդը հաղթել է, իսկ Իվանիշվիլին՝ պարտվել։ Միակ բանը, որից վախենում են Իվանիշվիլին և նրա բանդան, մեր մեծ թիվն է ու մեր փողոց դուրս գալը։ Աշխարհում չկա մի բռնապետ, ով չվախենա դրանից և այս բռնապետը հատկապես թույլ է, որովհետև իր փողը հիմնականում պահում է արևմտյան բանկերում։ Մինչդեռ արևմուտքը բացահայտել է ընտրական խախտումները և հիմա մեզ կաջակցի, եթե ավելի մեծ թվով դուրս գանք փողոց։
Բանտից ազատվելու դեպքում ես ձեզ խոստանում եմ, որ առավելագույնը 10 օրից արտահերթ ընտրություններ ենք հրավիրելու։ Այժմ մեզ անհրաժեշտ է միասնություն։ Յուրաքանչյուր տոկուն, անկոտրում մարդ ունի մեծ արժեք և ոսկու գին: Մեր ուժն այժմ միասնության մեջ է, իսկ հաղթանակի գրավականը՝ մեծ թիվը»։
Հիշեցնենք, որ Միխեիլ Սահակաշվիլին ձերբակալվելուց հետո (հոկտեմբերի 1-ից սկսած) հացադուլ է հայտարարել։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր