
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարություն է տարածել խորհդարանում Խորհրդային միության օրհներգը հնչեցնելու վերաբերյալ:
«Վրաստանի խորհրդարանում Խորհրդային միության օրհներգի հնչեցումը վիրավորանք է վրաց պետության նկատմամբ և օրենքի խախտում: Օրհներգի օգտագործումն օրենսդիր մարմնում անընդունելի է և վարկաբեկում է պետական ինստիտուտը: Խորհրդարանի բոլոր անդամներին կոչ եմ անում հարգել խորհրդարանի կողմից ընդունված օրենքը՝ «Ազատության Խարտիան», որի նպատակներին հակասում էր երեկ օրենսդիր մարմնում խորհրդարանի նախագահի ելույթի ժամանակ տեղի ունեցած դեպքը», — ասվում է նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ փետրվարի 18-ին խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի ելույթի ժամանակ «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Էլենե Խոշտարիան, որպես բողոքի նշան, մուտք է գործել նիստերի դահլիճ և միացրել Խորհրդային միության հիմնը: