
Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանում ստեղծվեց առաջին ընդդիմադիր խմբակցությունը: «Լելո — գործընկերություն Վրաստանի համար» խմբակցության ձևավորման մասին այսօր խորհրդարանում հայտարարեց «Լելո» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեն:
Բացի «Լելո» կուսակցությունից, խմբակցությունում կլինեն օրերս «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը լքած Սալոմե Սամադաշվիլին, և «Եվրոպական Վրաստանից» դուրս եկած Շալվա Շավգուլիձեն և Արմազ Ախվլեդիանին: Նոր ձևավորված խմբակցության նախագահը կլինի Բադրի Ջափարիձեն, փոխնախագահը՝ Սալոմե Սամադաշվիլին:
Վրաստանի խորհրդարանի կանոնակարգի համաձայն՝ խորհրդարանում խմբակցություն կազմելու իրավունք ունեն խորհրդարանի ոչ քիչ քան 7 անդամը: Մինչ այս խորհրդարանում գործում էր միայն իշխող կուսակցության խմբակցությունը: