Խորհրդարանում նախագահի երդմնակալությունն է․ ցույցը վերսկսվել է

Մայրաքաղաք Թբիլիսիում եվրոպամետ ցույցը վերսկսվել է։ Իրադարձությունների էպիկենտրոնը Օրբելիանիների պալատն է, որտեղ հավաքվում են քաղաքացիները։ Ժողովուրդն իր աջակցությունն է հայտնում լեգիտիմ համարվող նախագահին՝ Սալոմե Զուրաբիշվիլիին։

Զուրաբիշվիլին նախատեսում է դիմել քաղաքացիներին և ներկայացնել գործողությունների ծրագիր։ Նախագահի համար բեմն արդեն պատրաստ է։

Պալատի մոտ են նաև արևմտամետ ընդդիմության ներկայացուցիչներ և արվեստագետներ։

«Ցույց տուր կարմիր քարտը Կղավելաշվիլիին»՝ այսպես է կոչվում ակցիան, որը մեկնարկել է նաև Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ։

Խորհրդարանի մոտ ոստիկաններ են մոբիլիզացվում՝ մայրաքաղաքի գլխավոր պողոտայում է հայտնվել ՆԳՆ Հատուկ հանձնարարությունների վարչության պետ Զվիադ Խազարիշվիլին (Խարեբա)։ «TV Pirveli»-ի փոխանցմամբ՝ դեպքի վայրում է նաև նրա տեղակալ Միրզա Կեզևաձեն։

Հիշեցնենք` ժամը 11-ին  «Վրացական երազանք»-ը կսկսի միանձնյա ընտրություններում «հաղթող» կուսակցության կողմից նշանակված նախագահի՝ Միխեիլ Կղավելաշվիլիի երդմնակալությունը։