Այսօրվանից՝ դեկտեմբերի 12-ից, Վրաստանի խորհրդարանում անվտանգության «դեղին մակարդակը» չեղարկվել է։ Սա նշանակում է, որ եթե որոշումը չփոխվի, ապա ոչ միայն հեռուստալրատվամիջոցների, նաև բոլոր լրատվամիջոցների լրագրողները կկարողանան աշխատել խորհրդարանում։
Տեղեկությունը, ըստ որի` «անվտանգության դեղին մակարդակը» չեղարկվել է, երեկ երեկոյան տարածել է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Վրաստանի խորհրդարանի շենքում անվտանգության «դեղին» կամ «կարմիր» մակարդակները սկսել են գործել 10-րդ գումարման խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի 2023 թվականի սեպտեմբերին տրված հրամանի հիման վրա։
«Անվտանգության դեղին մակարդակը» նշանակում է, որ շենքում թույլատրվում է աշխատել «միայն համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների հրավիրած անձանց» և միայն հեռուստատեսային լրատվամիջոցների լրագրողներին։
Եթե գործում է «կարմիր մակարդակը», ոչ ոքի չի թույլատրվում մուտք գործել շենք, բացառությամբ «խորհրդարանի գրասենյակի ղեկավարի ընտրած անձանց»։