
Վրաստանի խորհրդարանը մեծամասնական քվոտայով ընտրված երկու նոր փոխխոսնակ ունի: 1tv.ge լրատվականի փոխանցմամբ՝ խորհրդարանի երեկվա՝ նոյեմբերի 16-ի լիագումար նիստում իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորներ Իրակլի Չիքովանին և Գիորգի Կախիանին ընտրվել են խորհրդարանի փոխնախագահներ:
Նոյեմբերի 15-ին երրորդ ընթերցմամբ հաստատված կանոնակարգում կատարված փոփոխություններով խորհրդարանի նախագահի աշխատակազմում փոխխոսնակների թիվը հինգից դարձավ յոթ: Ըստ կանոնակարգի՝ խորհրդարանի նախագահի տեղակալի պաշտոնում հնարավոր է ընտրել երեք պատգամավոր՝ խորհրդարանական մեծամասնությունից և երեք պատգամավոր՝ խորհրդարանական ընդդիմության խմբակցություններից, և իշխանական թևից առաջին փոխխոսնակը:
Այսօրվա դրությամբ 10-րդ գումարման խորհրդարանում «Վրացական երազանքի» կողմից ընտրված փոխխոսնակներն են՝ Իրակլի Չիքովանին, Գիորգի Կախիանին և Արչիլ Թալակվաձեն։ Խորհրդարանն ունի նաև առաջին փոխխոսնակ, որի պաշտոնը զբաղեցնում է իշխանության թևից Գիա Վոլսկին։
Ինչ վերաբերում է ընդդիմության համար սահմանված քվոտային, ապա խորհրդարանի փոխխոսնակն է «Եվրոպական սոցիալիստներ» քաղաքական խմբի պատգամավոր Ավթանդիլ Էնուքիձեն, «Միացյալ ազգային շարժում» խմբակցությունը խորհրդարանին է ներկայացրել Լևան Բեժաշվիլիի թեկնածությունը՝ ընդդիմության համար նախատեսված փոխխոսնակի ևս մեկ պաշտոնի համար, սակայն, «Վրացական երազանք» չի աջակցում նրա ընտրությանը։