
Վրաստանի խորհրդարանի դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում կրկին չի հաջողվել ընտրել նոր օմբուդսմեն, կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ և ԿԸՀ անդամներ։
ԿԸՀ անդամներին ու նախագահին ընտրելու համար անհրաժեշտ էր 100 պատգամավորի քվե, սակայն թեկնածուները խորհրդարանից ոչ մի ձայն չեն ստացել։
ԿԸՀ նախագահի և երկու անդամների լիազորությունների ժամկետը լրացել է այս տարվա օգոստոսին։
Օրենսդրությամբ սահմանված կանոնների համաձայն՝ հուլիսի 13-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մրցույթ էր հայտարարել խորհրդարան ներկայացվելիք թեկնածուների ընտրության համար։
Նախագահը խորհրդարանին է ներկայացրել ԿԸՀ նախագահի պաշտոնում Թամար Ալփաիձեի և Ռևազ Էգաձեի, իսկ ԿԸՀ-ի անդամների պաշտոնում՝ Քրիստինե Քաջաիայի և Լևան Իսակաձեի, իսկ ավելի ուշ՝ Նաթիա Ծիպտաուրիի և Գիորգի Մարսագիշվիլիի թեկնածությունները։