Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը հերքում է, որ «գործակալների օրենքին» կողմ քվեարկած պատգամավորները ծանուցում են ստացել ԱՄՆ վիզաների չեղարկման մասին։ Պատգամավորների և նրանց ընտանիքի անդամների պատժամիջոցների մասին տեղեկությունը սոցցանցերում տարբեր քաղաքացիներ են տարածել ժամը 16։00-ի սահմաններում։
«Գործակալների մասին օրենքի» նկատմամբ նախագահի վետոն հաղթահարելուց առաջ՝ մայիսի 24-ին, Միացյալ Նահանգները պաշտոնապես հայտարարեց սահմանափակումների մասին նրանց նկատմամբ, ովքեր «խաթարում են ժողովրդավարությունը Վրաստանում»։
Մայիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը հաղթահարեց նախագահի վետոն և վերջնական քվեարկությամբ 84 ձայնով հաստատեց «Վրացական երազանքի» նախաձեռնած «Գործակալների օրենքը»։
Այսօր՝ հունիսի 3-ին, պարզ դարձավ, որ խորհրդարանի կողմից «գործակալների օրենքին» Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած վետոն հաղթահարելուց հետո, երբ օրենքը կրկին Զուրաբիշվիլիի ստորագրությունն էր պահանջում, նախագահը չի ստորագրել: Ընթացակարգի համաձայն, խորհրդարանի նախագահը փաստաթուղթը կարող է ստորագրել Զուրաբիշվիլիի չստորագրումից հետո:
Չնայած այն հանգամանքին, որ հազարավոր մարդիկ բողոքում են օրենքի նախագծի ընդունման դեմ, իսկ Վրաստանի գործընկեր երկրները դա համարում են եվրաինտեգրմանը խոչընդոտող գործոն, խորհրդարանի նախագահն այս օրենքն անվանել է «ամենավրացական օրենք»։
«Ո՛չ ռուսական օրենքին» կարգախոսով տասնյակ հազարավոր քաղաքացիներ Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում գրեթե երկու ամիս շարունակ բողոքում էին օրենքի դեմ։ Բողոքի ակցիան շարունակվում է: Օրենքի թիրախում գտնվող կազմակերպությունները մտադիր չեն ենթարկվել օրենքին և դիմելու են բողոքի օրինական միջոցների։