Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ միջադեպ է տեղի ունեցել տևական ժամանակ բողոքի ակցիա անցկացնող սպանված անչափահասներից մեկի հոր՝ Զազա Սարալիձեի և ոստիկանների միջև։ Սարալիձեն ձերբակալված է։
ՆԳՆ-ն դեպքից անմիջապես հետո տարածած հաղորդագրությունում նշել է, որ Սարալիձեն ձերբակալվել է ոստիկանների վրա հարձակվելու համար։ Ըստ ՆԳՆ-ի, Սարալիձեն փայտը ձեռքին հարձակվել է տեղում իրենց պարտականությունները կատարող ոստիկանների վրա։ Ոստիկաններին բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր է ժամանել շտապօգնության խումբը։ Ըստ ՆԳՆ-ի, Սարալիձեն փորձել է ոստիկանների վրա հարձակվել նաև շտապօգնության մեքենայում։
Սարալիձեի աջակիցներից Դավիթ Ինաշվիլիի տեղեկատվությամբ, ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ իրենք փորձել են անձրևից պաշտպանվելու համար շենքի մոտ տեղադրված մահճակալները ծածկել։ Ոստիկանները խոչընդոտել են, արդյունքում ծեծկռտուք է սկսվել։
Սարալիձեն ձերբակալվել է ոստիկանի վրա հարձակման գործով՝ Վրաստանի ՔՕ-ի 353-րդ հոդվածով, ևս երկու հոգի ձերբակալվել է վարչական օրենսգրքի 173-րդ հոդվածով։
Այս պահին խորհրդարանի շենքի մոտ ոստիկաններ են մոբիլիզացված: Փոխանցում է interpressnews-ը:
Սոցցանցերում տարածվել է միջադեպի մասին պատմող տեսանյութը: