
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է «գործակալների օրենքը»։ Այդ մասին խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ինքը` Պապուաշվիլին:
Ընթացակարգի համաձայն, եթե Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետո դրած օրենքի նախագիծը խորհրդարանի կողմից հաղթահարելուց հետո կրկին Զուրաբիշվիլին չի ստորագրում, ապա վերջինս ուժի մեջ է մտնում խորհրդարանի նախագահի ստորագրությունից հետո, որից հետո հրապարակվում է «Օրենսդրական տեղեկագրում» (matsne.gov.ge) և այդ պահից իրավական կարգավիճակ է ստանում։
Չնայած այն հանգամանքին, որ հազարավոր մարդիկ բողոքում են օրենքի նախագծի ընդունման դեմ, իսկ Վրաստանի գործընկեր երկրները դա համարում են եվրաինտեգրմանը խոչընդոտող գործոն, խորհրդարանի նախագահն այս օրենքն անվանել է «ամենավրացական օրենք»։