
Ցուցարարները Վրաստանի խորհրդարանի բոլոր մուտքերը կողպեքներով և շղթաներով փակել են, դարպասներից Վրաստանի և ՆԱՏՕ-ի դրոշները կախել, մուտքերի մոտ էլ վրաններ տեղադրել՝ գիշերելու համար:
Խորհրդարանի մուտքերին կողպեքներն ամրացրել են ընդդիմադիր պատգամավորներ Գիգի Ուգուլավան և Գիգա Բոկերիան: Ըստ նրանց՝ սա արվում է, որպեսզի «Վրացական երազանքի» պատգամավորները չկարողանան մուտք գործել խորհրդարան:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում, Ռուսթավելի պողոտայում մեկնարկել է լայնամասշտաբ հանրահավաք՝ կառավարության հրաժարականի, ժամանակավոր կառավարություն կազմելու, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լուծարման ու համամասնական ընտրակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու պահանջով։
Ցույցն ընթանում է «Միասին ընդդեմ մեկի» խորագրով: Ցույցին միացել են ընդդիմադիր բոլոր կուսակցությունների ղեկավարներն՝ իրենց կողմնակիցներով: