Խորհրդարանի մոտ ՌԴ-ի հետ չվերթերի վերականգնման դեմ ցույց է ընթանում

Թբիլիսիում, խորհրդարանի մոտ՝ ի նշան Ռուսաստանի հետ ուղիղ չվերթերի վերականգնման դեմ բողոքի, մեկնարկել է «Ռուսական օդանավը ԵՄ տարածքում վայրէջք չի կատարում» խորագրով բողոքի ակցիան:

Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Ո՛չ, ռուսական թռիչքներին» և «Ռուսական օդանավը ԵՄ տարածքում վայրէջք չի կատարում»:

Խորհրդարանի տարածքում՝ Ռուսթավելի պողոտայում երթևեկությունը կաթվածահար է: Ցուցարարները հորդառատ անձրևին շարունակում են ակցիան անձրևանոցներով և ջրամեկուսիչ վերարկուներով:

Ակցիայի կազմակերպիչները և քաղաքացիական ակտիվիստները խորհրդարանի մոտ տեղադրված բեմից իշխանություններին կոչ են անում ազատ արձակել մայիսի 20-ին Կախեթիի Kvareli Lake Resort հյուրանոցային համալիրի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի 16 մասնակիցներին։

Kvareli Lake Resort-ի մոտ բողոքի ակցիան սկսվել է այսօր առավոտյան, երբ ընդդիմադիր լրատվամիջոցները տեղեկացրին, որ հիշյալ հյուրանոցում իջևանել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընտանիքի անդամները՝ մասնակցելու հարսանեկան խնջույքի։

Ի դեպ, մայիսի 10-ին Ռուսաստանը չեղարկել է դեպի Վրաստան ուղիղ չվերթերի սահմանափակումները՝ որոշումն անվանելով «մարդասիրական»։ Արդեն ուղիղ չվերթեր իրականացնելու թույլտվություն են ստացել ռուսական Azimut, Red Wings և վրացական Georgian Airways ընկերությունները։