Խորհրդարանի մոտ իրավիճակը լարված է

Վրաստանի խորհրդարանի մոտ իրավիճակը լարված է. հատուկջոկատայինները փորձում են տարածքն ազատել ցուցարարներից։ 

Խորհրդարանին հարող Չիտաձեի փողոցում իրավապահներին փոխարինել է հատուկ նշանակության ջոկատը. այստեղ ջրցան մեքենա է հայտնվել:

Խորհրդարանի հարակից Ճիճինաձեի փողոցում իրավապահները կրկին ջրցան շիթեր են կիրառել ցույցի մասնակիցների նկատմամբ։

Ցույցի ընթացքում պարբերաբար նախազգուշացում է հնչում. հանրահավաքի մասնակիցներին կոչ են անում ցրվել։ Չնայած ոստիկանների գործողությանը, ցուցարարները չեն հեռանում։

Եվրոպամետ և հակակառավարական զանգվածային ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում սկսվել են նոյեմբերի 28-ին. այդ օրը պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է անդամակցել Եվրամիությանը։

Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվեցին և՛ Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, և՛ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութաիսիում, Գորիում։

Կոբախիձեի հայտարարությանը հաջորդեց «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ ինքնաբուխ ակցիա, որը հետագայում վերածվեց բազմահազարանոց ցույցի, այն ցրվեց հատուկջոկատայինների բիրտ ուժով, իսկ նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան նրանք դաժանորեն հարձակվեցին Ռուսթավելիի պողոտայում մնացած սակավաթիվ ցուցարարների վրա։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին: ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամակերպվել «Վրացական երազանք»-ի որոշմանը։