
Վրաստանի խորհրդարանի մոտ իրավիճակը լարվում է. հարակից Չիտաձեի և Ճիճինաձեի փողոցներում մոբիլիզացված իրավապահներին փոխարինել են հատուկջոկատայինները: Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը:
Հատուկջոկատայինների թիկունքում ջրցան մեքենա է:
Ըստ առկա տեղեկությունների՝ այսօր էլ նախատեսում են ցույցը ցրել ուժի կիրառմամբ: Ցուցարարները հատուկջոկատայիններին դիմավորել են սուլոցներով և բացականչություններով:
Ոստիկանական ուժեր են մոբիլիզացված նաև Ազատության հրապարակում. նրանք շրջափակել են Թբիլիսիի պատկերասրահի հարակից տարածքը:
Բողոքի ակցիայի մասնակիցներն արդեն 7-րդ օրն է բողոքում են «Վրացական երազանք»-ի նոյեմբերի 28-ին ընդունած որոշման դեմ, ըստ որի՝ Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգ չի բերվի մինչև 2028 թվականի ավարտը։