Խորհրդարանի մոտ ընթանում է ուսանողների ակցիան

Խորհրդարանի շենքի մոտ ուսանողների եվրոպամետ բողոքի ակցիան շարունակվում է. այս պահին էլ Ռուսթավելիի փողոցում հավաքված են Վրաստանի պետական համալսարանի ուսանողները՝ պահանջելով դադարեցնել քաղաքական բռնաճնշումները և ազատ արձակել քաղբանտարկյալներին։

Նրանք մեկ շաբաթից ավելի գիշերում են օրենսդիր մարմնի մոտ՝ հայտարարելով, որ բողոքի ակցիաները չեն դադարեցնի այնքան ժամանակ, քանի դեռ «Վրացական երազանք»-ի կառավարությունը հրաժարական չի տվել, և իրենց պահանջները չեն կատարվել։

«Մեր երկու հիմնական պահանջները, որոնք կմիավորեն այստեղ ժողովրդին՝ ոչ լեգիտիմ իշխանության հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումն է։ Մենք այստեղ կկանգնենք այնքան, որքան անհրաժեշտ լինի»,- ասում են  ուսանողները։

Ուսանողական ցույցերին մասնակցում են նաև տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ. նրանց հաճախ միանում են նաև քաղբանտարկյալների ընտանիքների անդամները։