
«Երրորդ ընթերցում. ո՛չ ռուսական օրենքին». այս կարգախոսով մայիսի 14-ի ժամը 10:00-ից խորհրդարանի մոտ վերսկսվել է քաղաքացիների բողոքի խաղաղ ցույցը:
Այս պահի դրությամբ խորհրդարանի շենքի հետևում ոստիկանական ուժերի հատուկ մոբիլիզացիա է։ Իրավապահները «ռուսական օրենքի» դեմ բողոքող խաղաղ ցուցարարներին հեռացրել են օրենսդիր մարմնի հետնամուտքի շրջակայքից: Փակ է նաև Չիտաձեի փողոցը։
Ցուցարարների խոսքով, իրենց հանկարծակի են հեռացրել տարածքից՝ հարձակվել չենթարկվողների վրա:
Ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ մինչ այդ խորհրդարանի մերձակայքում է եղել Զվիադ Խարազիշվիլին, նույն ինքը՝ «Խարեբը» (Հատուկ առաջադրանքների վարչության տնօրենը)։
Ուշագրավ է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը «ռուսական օրենքը» երրորդ ընթերցմամբ կքննարկի այսօր՝ մայիսի 14-ին։ Լիագումար նիստը նշանակված է ժամը 12:00-ին։